Առաջին անգամ ներկայացվում է ծրագրային պետբյուջեի նախագիծ. վարչապետ
ՀՀ կառավարութjան ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց 2014թ.-ի բյուջեի նախագիծը: 2014թ.-ի պետական բուջեի նախագիծը, վարչապետի խոսքով, առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ ներկայացված է ծրագրային պետական բյուջեի նախագիծ: Այս նոր մոտեցումը, նրա հավաստմամբ, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև: «Քանի որ առաջին անգամ ենք նման մոտեցում ցուցաբերում, խնդրում ենք շատ խիստ չդատեք»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ իրենց գնահատմամբ՝ երեք տարի է հարկավոր ծրագրային բյուջետավորման համակագը ներդնելու համար: ՀՀ վարչապետը հավելեց, որ ցուցաբերված մոտեցումը բավական մեծ ծավալի աշխատանք է պահանջում:
2014 թվականի բյուջեով, Տիգրան Սարգսյանի խոսքով, առաջնահերթությունը տրվել է սոցիալական ոլորտին: Բայց, նա նշեց, որ իրենք տեսնում են նաև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում աճի տեմպեր, տնտեսական աճի բարձր ցուցանիշներ:
«Ելնելով այս առանձնահատկություններից, մենք շեշտադրումներ ենք անում 2014թ.-ի բյուջեի ծրագրերը մշակելիս: Առաջին հերթին, 2014թ.-ի բյուջեի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ներկայացնում ենք պետական բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Տարեկան 0.3 կամ 0.4 տոկոսով պետք է բարելավվի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ նպատակ ունենալով կրճատել ստվերային տնտեսությունը: Մենք չենք ավելացնելու վարչարարության բեռը, որովհետև 2013թ. բավական մեծ ծավալի միջոցառումներ իրականացվեցին այս առումով, վարչարարությունը խստացվել է և բացասական ազդցեցություն է թողել բիզնես միջավայրի վրա: Մենք շեշտադրումը անելու ենք վերահսկողությունների ներդրման վրա, բացահայտելու ենք ռիսկային ոլորտները».- շեշտեց նա: