
Օրենքի սողանցքը ԱՄՆ-ում տասնյակ խոշոր ընկերությունների հնարավորություն է տվել խուսափել հարկերից

«Standard & Poor’s»-ի վարկանիշային ցուցակում ընդգրկված 500 խոշոր կորպորացիաներից մոտ 60 -ն անցած տարի եկամտահարկ չի վճարել: Ցուցակում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են, օրինակ, Verizon-ը եւ News Corp-ը, հաղորդում է USA Today-ը:
ԱՄՆ սենատի համապատասխան ենթակոմիտեն ուսումնասիրել է, թե ինչպես է ընկերություններին հաջողվել խուսափել հարկվելուց: Պարզվել է, որ կորպորացիաները կարողացել են հմտորեն օգտագործել իրենց օֆշորային կառույցները, տարբեր երկրներում հարկային օրենսդրության միջեւ եղած տարբերությունները, ինչպես նաեւ ԱՄՆ հարկային օրենսդրության մեջ առկա սողանցքները: Նրանցից շատերն ունեն վերահսկվող արտասահմանյան ընկերություններ, որոնց եկամուտը մի քանի անգամ գերազանցում է օֆշորների ՀՆԱ-ն, որտեղ նրանք գրանցված են:
Նշվում է, որ ԱՄՆ-ում եկամտահարկի դրույքաչափը կազմում է 35%, ինչն ամենաբարձրներից մեկն է ողջ աշխարհում: