Շտապօգնության բժիշկն օգնության կարիք ունի

Բժիշկ Արմեն Մկրտչյանը չէր էլ պատկերացնի, որ մարդկային կյանքեր փրկելու իր գործունեությունը մի օր կատարելու է իր կյանքը վտանգելով: Զինվորական է, 15 տարի սահմանային զորամասերում որպես զինվորական բժիշկ ծառայությունը կատարելուց հետո հիպերտոնիա հիվանդության 3-րդ կարգի հաշմանդամության համար բանակից զորացրվել է:

Վեց ամիս առաջ տեղափոխվել է Շտապօգնության ծառայությունում աշխատելու, ինչն էլ բժշկի համար դարձել է ճակատագրական: Ապրիլի 19-ին Նուբարաշեն վարչական շրջանում հերթապահության ժամանակ կանչ են ստացել և շտապօգնության բրիգադով ուղևորվել են դեպի Արցախի փողոց:

«Արմենն այդ օրվա հետ կապված ոչինչ չի հիշում: Գիտենք այնքանով, որքանով հետաքննությունն է պարզել` և իր հետ եղած աշխատակիցներն են պատմել»,- ասում է նրա կինը՝ Հասմիկը:

Չնայած դրան, ապրիլի 19-ի ողբերգական դեպքի մանրամասները լուսաբանեցին բոլոր լրատվամիջոցները: Արցախի փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել էր շտապօգնության մեքենային, որի արդյունքում «Մերսեդեսի» վարորդը տեղում մահացել էր, իսկ շտապօգնության վարորդը, բուժքույրն ու բժիշկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Շտապօգնության բժիշկը նույն ինքը՝ Ա. Մկրտչյանն է եղել, ով երկար ժամանակ դեպքի վայրում մահամերձ վիճակում հատակին ընկած է եղել, քանի որ բոլորը կարծել են՝ մահացած է:

Luso-Soc (9)

«Ժամը 11:30-ին, մթին` շտապօգնության մեքենայի դիմացից մեծ արագությամբ, լույսերն անջատած «Մերսեդես» մակնիշի մեքենան հարվածել է վարորդի կողքին նստած Արմենի ուղղությամբ:

Մերսեդեսի վարորդը տեղում մահացել էր, իսկ շտապօգնության անձնակազմը հրաշքով էր ողջ մնացել»,- ասում է Հասմիկը, ում Արմենը խնդրում է ներկայացնել դեպքը, քանի որ իր մոտ հիշողությունները թարմ են, չի կարողանում մտքերը ձևակերպել: Այնուամենայնիվ, Ա. Մկրտչյանը դեպքից հետո ծանր վիրահատություններ է տարել՝ ազդոսկրի, վերին և ստորին ծնոտի կոտրվածքներ, գանգուղեղային տրավմա՝ արյան զեղումներով ուղեկցված, և մի շարք այլ վնասվածքներ, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնացել:

Դեպքից տևական ժամանակ է անցել, բժիշկներն այլևս համարելով, որ ավելին չեն կարող անել, Արմենին ճանապարհել են տուն՝ խորհուրդ տալով վերականգնողական բուժում ստանալ որևէ այլ երկրում: Նա հիմա ծանր հաշմանդամությամբ, հենակների օգնությամբ կարողանում է ընդամենը մի քանի քայլ կատարել: Մարմնի աջակողմյան հատվածը թույլ է, որոշ զգայարաններ՝ մահացած, երիկամների ֆունկցիան կատարվում է արհեստական սարքերի օգնությամբ:

Luso-Soc (1)

Արմենը հիմա նախընտրում է մեռնել՝ հասկանալով, որ իր երեք մանկահասակ երեխաների ապագան կախված է իր ծանր հաշմանդամությունից: «Ի՞նչ է լինելու երեխաներիս վերջը»,- ամեն օր կրկնում է նույն խոսքերն ու բոլորից մահ է խնդրում: Ընտանիքն այսօր գոյատևում է ամուսինների հարազատների օգնությամբ, սակայն Արմենի երեք մանկահասակ երեխաների ճակատագիրն անորոշ է, քանի դեռ վերջինիս բուժման հարցը մնում է «օդից» կախված:

Լինելով անտուն զինվորական` Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում հաշվառված է: Հասմիկն ասում է՝ «Վարձով ենք ապրել, բայց Արմենն աշխատում էր, չէինք նեղվում, կարողանում էինք և բնակարանի վարձը վճարել, և երեք տղաների խնամքն ապահովել: Այս դժբախտությունից հետո հայտնվել ենք փակուղու առաջ: Մի կողմից՝ վարձը, մյուս կողմից՝ առանց եկամուտ, առանց աշխատանք գոյատևելը, հայտնվեցինք աննկարագրելի դժվար իրավիճակում:

Luso-Soc (5)

Պատկերացրե՛ք, Արմենի 44.000 դրամ թոշակը ստանում` վարձ ենք տալիս, ու ապրելու ոչինչ այլևս չի մնում: Արմենի ամենօրյա դեղորայքն էլ այնքան մեծ գումար է կազմում, որ խելագարվում եմ»: Հասմիկը շաբաթներ առաջ դիմել է Սոցիալական աջակցության գրասենակ՝ անապահովության նպաստ ստանալու խնդրանքով, սակայն նպաստառու համարվելու գործընթացի համար այնքան փաստաթղթեր, տեղեկանքներ են պահանջել, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ նպաստ ստանալու համար:

Luso-Soc (6)Երեք մանկահասակ երեխաների մայր Հասմիկ Հակոբյանն ամուսնու վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու համար դիմել է ԱԺ պատգամավորներին, մեծահարուստներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին՝ ներկայացնելով դժբախտության պատճառով ընտանիքի ներկայիս ծանր վիճակն ու Արմենի «մազից կախված» կյանքը, որը կարող է փրկել նրանցից յուրաքանչյուրը: Նամակ-խնդրանքներին, սակայն, որևէ մեկը չի պատասխանել:

«Մենք հիմա շատ ծանր վիճակում ենք, բայց, հավատացե՛ք, այլ ելք չունենք, խնդրում ենք բոլոր պաշտոնյաներին, գումար ունեցող մարդկանց՝ Արմենի բուժման համար, հակառակ դեպքում` ինքն էլ, երեխաներս էլ կկործանվեն: Հասկանո՞ւմ եք, ախր իր գործունեության ամբողջ ընթացքում՝ թե՛ զորամասերում, թե՛ այստեղ, նա մարդկանց կյանքեր է փրկել, բայց այսօր ինքն օգնության կարիք ունի, բայց ոչ մեկը չի արձագանքում: Եթե նա վերականգնողական բուժում չստանա` վիճակն ավելի վատանալու է, ու հետևանքներն անկանխատեսելի են լինելու:

Բայց երեխանե՞րս, իր երիտասարդ կյա՞նքը, չէ՞ որ աշխատանքի ընթացքում է այդ ողբերգությունը եղել, և որևէ մեկն ապահովագրված չէ կյանքի նման հարվածներից»: «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնում երկարատև բուժումից հետո արդյունք չարձանագրելով` մասնագետները տեղեկացրել են, որ այլևս ոչինչ չեն կարող անել՝ հորդորելով նրան տեղափոխել Գերմանիա:

Հասմիկը նաև դիմել է Շտապօգնության ծառայության ղեկավարությանը՝ խնդրելով ամուսնու բուժումը կազմակերպել՝ հիշեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության ընթացքում. «Ես իրենց ասում եմ՝ ողորմություն չեմ ուզում, չեմ ասում` երեք մանկահասակ երեխաներիս խնամքի հարցում օգնեք, ընդամենն ասում եմ՝ ամուսնուս օգնեք, նա մեր տան միակ աշխատուժն է, և մեր ճակատագիրը նրա առողջությունից է կախված, բայց…»:

Բայց ոչ մի արձագանք` ոչ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Շտապօգնություն ՓԲԸ-ից, այլ նաև՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Հասմիկն օրերս նաև կդիմի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով հնարավորության դեպքում հերթագրված բնակարանին համարժեք գումարը տրամադրել՝ ամուսնու բուժումը կազմակերպելու համար: Արմենի կինը` հասկանալով, որ իր նամակ-խնդրանքներն անարդյունք են, իսկ ամուսնու առողջական վիճակն է՛լ ավելի վատանում է, խնդրում է՝ փրկել այն մարդու կյանքն, ով տասնյակ տարիներ մարդկային կյանքեր է փրկել:

«Խնդրում եմ՝ օգնեք, երեխաներիս վաղվա օրը կախված է ամուսնուս առողջությունից: Ախր մենք երեք զինվոր ենք մեծացնում, ախր սա մարդկային կյանք է, որի ներկայիս ծանր վիճակը դժբախտ պատահարի արդյունք է, որից ոչ մեկս ապահովագրված չենք»,- ասում է Հասմիկը, ով ամեն օր ստիպված է լինում լսել մահ ցանկացող ամուսնու խոսքերը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս