ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի նամակի և նրան «Արցախի հերոսի» կոչումից զրկելու մասին

Karabakh-open.info-ի հարցազրույցը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

– Պարոն վարչապետ, Զորի Բալայանի վերջերս հրապարակած հայտնի նամակի կապակցությամբ Ստեփանակերտից, ինչպես շատերն են նշում, պաշտոնական արձագանք, ըստ էության, չի եղել: Ի՞նչ կասեք Դուք, երբ մեր հայրենակիցը փաստորեն իր նամակով /տողատակերում/ հորդորում է Արցախը տեղափոխել Ռուսաստանի գերիշխանության տակ:

– Զորի Բալայանի նամակին ես ինքս երկու անգամ առիթ եմ ունեցել արձագանքելու հայաստանյան լրատվամիջոցներում: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նույնպես մեկնաբանություն է տվել:

Մեկ անգամ եւս կրկնեմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հրապարակավ ազատորեն արտահայտելու իր տեսակետը մեր բոլոր խնդիրների առնչությամբ, Զ.Բալայանի պարագայում այդ իրավունքի մասին հիշեցնելն ընդհանրապես ավելորդ է: Ես չեմ կարծում, թե այդ նամակում պարոն Բալայանի գլխավոր ասելիքը Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու գաղափարի շեշտումն է: Նա խոսում է ղարաբաղյան ներկա իրավիճակի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Արցախի կարգավիճակն ամրագրված է անկախության հանրաքվեով եւ ընդունված Սահմանադրությամբ: Անկախ ԼՂՀ-ն քաղաքական որեւէ սակարկման ենթակա չէ: Մենք անկախ հանրապետություն ենք, եւ ապագայի մեր հեռանկարը բացառապես կապվում է Հայաստանի հետ միասնական ու անխախտ երկիր դառնալու հետ: Դա ժողովրդի ընտրությունն է, այսինքն` այլ ուղիների մասին խոսելը, մեղմ ասած, անընդունելի է:

– Համենայն դեպս, Զ. Բալայանի հանդեպ հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում բացասական վերաբերմունք է առաջացել, նույնիսկ խոսում են նրան «Արցախի հերոսի» կոչումից զրկելու մասին:

– Ոչ, ոչ, նման դատողությունների համար ոչ մի հիմք չկա: Եթե անհատը սեփական տեսակետն է արտահայտում, դա որեւէ մեկին իրավունք չի տալիս սեւացնելու եւ հերքելու նրա ունեցած վաստակը: Նախորդ տասնամյակներին Զ.Բալայանը մեծ ծառայություններ է մատուցել մեր ազգային-ազատագրական շարժմանը, եղել է նրա վառ առաջնորդներից մեկը, եւ այսօր էլ շարունակում է իր լուման ներդնել մեր ազգային-պետական խնդիրների լուծման գործում: Դա չպետք է մոռանալ, ընդհանրապես ուրանալ պետք չէ որեւէ մեկի անհերքելի ծառայությունները: Ցավոք, այս երեւույթը մերթընդմերթ դրսեւորվում է տարբեր մակարդակներում:

– Պրն վարչապետ, մեկ հարց եւս: Օրերս Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման փաստաթղթի ի հայտ գալը, կարո՞ղ է այն ինչ-որ բացասական հետեւանքներ ունենալ մեզ համար:

– Համոզված եմ` բացասական հետեւանքներ մեզ համար չեն լինի: Նման հակասական, ոչ իրատեսական փաստաթղթեր պարբերաբար հայտնվել են նաեւ նախընթաց ժամանակաշրջանում: Կարող եմ ասել միայն, որ այդ բանաձեւը հրապարակ է հանվել ադրբեջանական լոբբինգի ակտիվության հետեւանքով: Մենք պետք է ավելի զգոն լինենք եւ ավելի ակտիվ դիվանագիտական աշխատանք տանենք միջազգային բոլոր ատյաններում, որպեսզի այդ որակի փաստաթղթեր այլեւս ի հայտ չգան: Մենք պետք է միշտ հետամուտ լինենք բացառապես ղարաբաղանպաստ, հայամետ բանաձեւերի ընդունմանը, ինչի համար ունենք բոլոր իրավական ու բարոյական հիմքերը` օգտագործելով անհրաժեշտ ռեսուրսներ:

Տեսանյութեր

Լրահոս