Café mobile. Հայ աղջիկները ցանկանում են շրջիկ մեքենաներով սուրճ մատուցել
Café mobile. Այս գաղափարը պատկանում է մի խումբ հայ աղջիկների, ովքեր ցանկանում են այն կյանքի կոչել այն: Գաղափարը հետևյալն է. շրջիկ մեքենան պետք է քաղաքում շրջի, տեղում սուրճ պատրաստի և վաճառի այն: Այսինքն` ամբողջ սուրճը իրացվելու է մեքենայի միջոցով, որը կոնկրետ ժամերի ունենալու է կայանման կոնկրետ վայրեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց գաղափարի հեղինակներից Մարիամ Հակոբյանը: Նրա խոսքով` մեքենան կոնկրետ ժամերին այնտեղ, որտեղ գտնվում են իրենց թիրախային հաճախորդները, օրինակ` համալսարաններում, կամ ընդմիջման ժամերին կենտրոնական վայրերում՝ քաղաքի բիզնես կենտրոնների մոտ և այլն: Իսկ թե այդ պահին քաղաքի ո՞ր հատվածում է գտնվում սուրճ իրացնող մեքենան՝ հնարավոր կլինի տեղեկանալ GPS համակարգի միջոցով:
«Այն օն-լայն հետևելու է, թե մենք քաղաքի որ մասում ենք գտնվում»,- ասաց Մ. Հակոբյանը` նշելով, որ իրենց ապրանքի սպառողները հիմնականում լինելու են ուսանողներն ու գործարարները, որոնց սուրճի նախընտրությունների վերաբերյալ էլ թիմը ուսումնասիրություններ է կատարել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայ գործարարները հիմնականում նախընտրում են «Էսպրեսսո» խմել, իսկ երիտասարդները ավելի շատ քաղցր համային սուրճեր: «Բնականաբար, այս դեպքում «Էսպրոսսոն» կունենա իր կայուն շուկայական գինը բոլորի համար, բացի այդ՝ կլինեն նաև սուրճի ՝տեսակներ՝ միջին կամ միջինից ցածր գներով, որոնք հիմնականում նախատեսված կլինեն ոչ շատ բարձր գնողունակություն ունեցող ուսանողների համար»,- ասաց Մ. Հակոբյանը:
Բացի այդ, ըստ նրա`իրենք կմատուցեն նաև նոր բաղադրատոմսերով պատրաստված սուրճեր, որոնք բացառապես միայն իրենց մոտ է վաճառվելու:
Հարցին, թե մեր քաղաքում առկա սուրճ պատրաստող սարքերն արդյոք ձեր գաղափարին չեն խանգարի՞, կամ արդյոք զրուցել կամ բանակցե՞լ եք այս ոլորտի մրցակիցների հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, մրցակիցներ կան, որոնք արդեն բավականին հայտնի են շուկայում, բայց մեր առանձնահատկությունը հենց իր յուրահատուկ իրացման ձևի մեջ է, որը որպես այդպիսին դեռևս չկա մեր երկրում: Բացի այդ, մենք կունենանք նաև գնային ճկուն քաղաքականություն և յուրահատուկ բաղադրատոմսեր, ինչը, կարծում եմ, ինչ-որ չափով կկրճատի նաև մեր ռիսկերը»,- ասաց Մ.Հակոբյանը:
Թե երբ գաղափարը կյանքի կկոչվի՝ կախված է ֆինանսական միջոցներից. լուրջ ներդրում է պահանջում հատկապես շրջիկ մեքենայի ձեռքբերումը, որը թիմի անդամներն ակնկալում են ստանալ ինչ-որ ֆինասնական աղբյուրներից, սակայն դեռևս կոնկրետ որևէ խոստում դրա հետ կապված չունեն:
«Երբ կարողանանք գոնե մեկ նմանատիպ մեքենա ունենալ, կսկսենք աշխատել, իսկ այնուհետև կավելացնենք թե մեքենաների թվականակը, և թե մեր գործունեության շրջանակները ու կսկսենք աշխատել նաև մարզերում և գուցե նաև պատմամշակութային տարածքների հարակից վայրերում»,- ասաց Մ. Հակոբյանը: