Բաժիններ՝

Հացը` որպես տեսարան

Հունվարի 1-ից գործազրկության 18.000 դրամ նպաստը վերացնելու մասին կառավարության որոշումը ցինիկ կամ ոչ գրագետ համարողները երկար չեն մտածում: Իրականում` իշխանությունը ելել է պայքարի մի շատ վտանգավոր արատի` ձրիակերության դեմ: Մարդիկ պետք է աշխատեն և ոչ թե` նստեն, այս դեպքում` բազմեն, պետության ուսերին ու ստանան ամսական 18.000 դրամ: 18.000… Ընդ որում` աշխատանքը կորցնելուց հետո ոչ թե մեկ կամ երկու, այլ ամբողջ վեց ամիս:

Հասկանալի է, նրանք, ովքեր վեց ամիս շարունակ 18.000 դրամով կարողանում էին հոգալ սննդի, կոմունալ և մյուս բոլոր անհրաժեշտ ծախսերը, օբյեկտիվորեն ծուլանում են, համարում, որ պետությունը պարտավոր է հոգալ իր քաղաքացիների մասին: Եվ, ահա, ԱԺ-ն առաջին իսկ ընթերցմամբ ընդունում է «Զբաղվածության մասին» օրենքի նախագիծը, որով հունվարի 1-ից պետության գրպանը վեց ամիս շարունակաբար մտնող և այնտեղից 18.000 դրամ հափշտակող գործազուրկները ստացան իրենց արժանին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, թող որ հայացքը թաքցնելով, ասաց, որ այդ գումարը գործազուրկներին հատկացնելու փոխարեն` ուղղվելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ի դեպ, «Զբաղվածության մասին» օրենքի 6-րդ հոդվածի հիմքում միայն հումանիզմ է. բնակչության զբաղվածության կարգավորման համար պետական ծրագրերը 10-12-ն են: Գուցե դրանք, որպես կանոն, չեն կատարվում: Այդտեղ էլ վրա է հասնում վերջին կետը` «Թաղման նպաստի վճարում»:

Որքան հրատապ ու անհրաժեշտ էր գործազուրկներին զրկել 18.000 դրամ նպաստից, նույնքան հրատապ ու անհրաժեշտ էր խորհրդարան իջեցնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը: Ավելորդ է ասել, որ հարկատուները կառավարություն պարկերով նամակներ էին ուղարկում` խնդրելով իրենց մուծած հարկերից բարձրացնել պետության ամենահարուստ մարդկանց աշխատավարձերը:

Վերջիններս պարզապես պարտավոր են ստանալ այնքան աշխատավարձ, որ չամաչեն բլանկը ստորագրել և հաշվել թղթադրամները: Ի վերջո, եթե ցանկանում ենք մեզ համարել արժանապատիվ երկիր, ուրեմն մեր երկրի առաջին դեմքերի աշխատավարձը ևս պիտի արժանապատիվ լինի: Այսինքն` կազմված առնվազն 7 նիշից: Իսկ այն տասնյակ-հազարավոր գործազուրկները, որոնք փչացնում են մեր երկրի արտաքին տեսքն ու վարկաբեկում արժանապատվությունը` իրենց կիսաքաղց ու ոչ ֆոտոգենիկ արտաքինով, պիտի այնքան նրբանկատ լինեն, որ չերևան զբոսաշրջիկների աչքին, ու, առհասարակ, իմանան իրենց տեղըգ հետնախորշերում:

Հանրապետական Դավիթ Հարությունյանն էլ վստահ է` աշխատավարձի նման կտրուկ բարձրացումն իր հետ բերելու է աշխատանքի նո՛ր որակ: Նա, հավանաբար, կարդացել է, որ երկրում, պաշտոնական տվյալներով, կա 40 տոկոսից ավելի աղքատություն: Եվ, թերևս, գլխի է ընկնում, որ այդ 40 տոկոսի մեջ հաշվել են նաև երկրի նախագահին: Ասում ենք` նախագա՜հ, նախագա՜հ: Հե՞շտ է լինել նախագահ ու ստանալ ինչ-որ խղճուկ 436 հազար դրամ աշխատավարձ:

Այն դեպքում, երբ պատգամավորների զավակներն ամուսնանում, հաճախ` ամուսնալուծվում և երկրորդ, երրորդ անգամ են ամուսնանում, իսկ հարսանիքի հրավիրյալներից առաջինը երկրի նախագահն է: Նման աշխատավարձով անգամ ընտանիքդ նորմալ չես կերակրի: Օրենսդրական այս գեղեցիկ նախաձեռնությունը շտկում է նախկին սխալները` նախագահի աշխատավարձը դարձնելով 1 միլիոն 322 հազար: Այն բարձրացել է ընդամենը 203 տոկոսով:

Իրականում` այս ամենը ոչ այնքան տխուր է, որքան տհաճ: Այն պաշտոնյաները, որոնց աշխատավարձը 200-ից ավելի տոկոսով բարձրանում է, աշխատավարձով չեն ապրում: Եվ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ խնդիրն այս դեպքում կոռուպցիայի դեմ պայքարելը կամ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը չէ: Եթե դատավորների բարձր աշխատավարձը էլի բարձրացվի 100 կամ 200 տոկոսով, նրանք, միևնույն է, դատական վեճերը լուծելու են կաշառքով: Նույնը` նաև պետական բարձրաստիճան չինովնիկների դեպքում է: Հայաստանում բարձր աշխատավարձը պետական համակարգում չի ծառայում կոռուպցիայի վերացմանը: Հակառակը` բարձրացնում է կոռուպցիայի գինը: Ցածր աշխատավարձով չինովնիկը գայթակղություն ունի կաշառվել անգամ փոքր գումարով:

Բարձր աշխատավարձը ենթադրում է վաճառվել միայն թանկ:

Եվ հետո` կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը պայքարում էր նախագահ դառնալու կամ մնալու համար` հանուն համեմատաբար բարձր աշխատավարձի: Կամ նրա ոչ այնքան արժանապատիվ աշխատավա՞րձն է պատճառը, որ երկրում անգամ շռայլություն են հացն ու տեսարանները. հացն է մնացել` որպես հիմնական տեսարան: Ոչ ոք դեմ չէ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները բարձր աշխատավարձ ստանան: Խնդիրն այն մեծ տարբերությունն է, որը կա քաղաքացիների միջին եկամուտի և նրանց եկամուտների մեջ, ում աշխատավարձն այսպես շռայլորեն բարձրացնում են` ի հաշիվ մեր վճարած հարկերի:

Ազնիվ մարդը ազնիվ է` անգամ փոքր եկամուտ ունենալու դեպքում: Այսօր հստակ կարելի է ասել` ազնիվ մարդը հնարավորություն չունի երկրի համար առանցքային նշանակության պաշտոններ վարել: Միակ բացառությունը, և դա ակնհայտ երևում է, Վաչե Գաբրիելյանն է: Եվ նրա ողջ արտաքին տեսքը, պերմանենտ տխուր հայացքն ուղղակի աղերսում է` իրեն հեռացնել այդ համակարգից: Սակայն նրան վերապահված է ամենաբարդ դերը. նրա ազնվությանը մարդիկ հավատում են, և հենց նա էլ պետք է ներկայացնի ԱԺ-ում հիմնավորումները` ինչո՞ւ է, մասնավորապես, անհրաժեշտ խեղճ մարդկանց զրկել միայն 6 ամիս 18.000 դրամ ստանալու հնարավորությունից, իսկ միլիոնատերերի աշխատավարձը մի քանի հարյուր տոկոսով ավելացնել:

Իսկ մտորումները, թե այս քայլով իշխանությունները հերթական անգամ արժանանում են ընտրողների զայրույթին, արդիական չեն: Նրանք, ովքեր գործազուրկ են և այժմ արդեն չեն կարող ստանալ նաև իրենց փոքրիկ նպաստը, միևնույն է, այս իշխանություններին չեն ընտրել և չեն էլ ընտրի: Նախագահի և նրա տժգույն թիմի վերընտրությունը կազմակերպում են նրանք, ում աշխատավարձը բարձրացնում են` հանուն արժանապատիվ Հայաստանի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս