Գաղափարից` իրականացում. մոտ մեկ ամսից շուկայում կհայտնվի «Քաշովի լավաշը»
«Քաշովի լավաշ». այս անվանունն ու գաղափարը նախագծի հեղինակների մոտ շատ պատահական է հայտնվել: «Սեղանի շուրջ նստած էինք ու յուղոտ ձեռքերով մեր ընկերներից մեկին խնդրեցինք մեզ համար լավաշ քաշել ու տալ: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ միտքը. բա քաշովի լավաշ չլինե՞ր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Սիմոնյանը, ով ևս երկու երիտասարդ-ուսանողների` Աշոտ Գրիգորյանի և Սերգեյ Հովակիմյանի հետ ամռանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարին, որտեղ և ձևակերպել են իրենց միտքն ու այն ներկայացրել՝ որպես նախագիծ: Հենց տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարում էլ «Քաշովի լավաշ» նախագիծն արժանացել է հատուկ մրցանակի (դրամական մրցանակը` 300 հազար դրամ): Բացի այդ, երիտասարդները նաև հնարավորություն են ստացել իրենց նախագիծը ներկայացնել «ԴիջիԹեք» ցուցահանդեսին:
«Շատերը կարծում էին, որ այս գաղափարը չի աշխատի, քանի որ լավաշը կչորանա, ու այն քաշել հնարավոր չի լինի, սակայն շատ մարդիկ, ովքեր ցուցահանդեսի ժամանակ մոտենում էին ու լավաշ էին քաշում, համոզվեցին, որ հնարավոր է»,- ասաց Է. Սիմոնյանը: Նրա խոսքով` «Քաշովի լավաշի» գաղափարը հենց նույն քաշովի անձեռոցիկների սկզբունքով է աշխատում: Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ լավաշը խնամքով փակված է, ու արդյունքում` լավաշը քաշելիս՝ այն չի չորանում: «Մի լավաշը քաշելիս՝ արդեն մյուսի ծայրն է դուրս գալիս, իսկ մյուսը քաշելիս` հաջորդը, և այդպես շարունակ: «Քաշովի լավաշի» մեկ տուփի մեջ լավաշի 10 կտորներ կլինեն, ինչը հավասար է 3 մեծ լավաշի»,- ասաց Է. Սիմոնյանը:
Նա նշեց նաև, որ այժմ իրենց գաղափարի արտոնագրի ձեռքբերման փուլում են, որն ամբողջությամբ կավարտեն մոտ մեկ ամսից, և հենց այդ ժամանակ էլ շուկայում կհայտնվի «Քաշովի լավաշը», որը կարժենա մոտ 500 դրամ: