Համակարգչային խաղերի և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին
Վաղը` հոկտեմբերի 26-ին, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության եզրափակիչ փուլը, որին զուգահեռ կանցկացվի նաև խաղերի ցուցահանդես:
Առաջնության եզրափակչին մասնակցում են 26 խաղ` նախորդ տարվա 19-ի փոխարեն: Մասնակինցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե’ պատանիներ և թե’արտերկրում ապրող հայեր:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «լավագույն խաղ», «լավագույն բջջային խաղ», «լավագույն Game Play» (սցենար), «նորարարություն», «լավագույն դիզայն», «լավագույն կերպար», «լավագույն 3D լուծում», պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
Հիշեցնենք, որ առաջնության խաղերի ցուցադրության տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), իսկ 17:00-ին կկայանա մրցանակաբաշխությունը: Մուտքն ազատ է:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, DigitalChocolate, Triada, MicroSoft-RA ընկերություններից և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League-ից: