Բաժիններ՝

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու հիմքով:

Չնայած նրան, որ տուժողի իրավահաջորդ Սաթիկ Սարգսյանը դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հարգելի պատճառներով չի ներկայացել դատական նիստին և ինքը միայնակ չի կարող ներկայացնել իր շահերը, դատարանը որոշեց քննել դատախազին ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը շարունակելով դատական նիստը՝ խոսքը տվեց դատախազ Աշոտ Գրիգորյանին՝ նրան ներկայացված բացարկի վերաբերյալ մեկնաբանության համար: Դատախազը նշեց, որ պաշտպանի կողմից իր հասցեին արված արտահայտությունները չեն նկարագրում այս իրավիճակում իր գործողությունները, իր հասցեին արված չակերտավոր ուշիմ արտահայտությունը պետք է ասվի առանց չակերտների, քանի որ նա իրոք ուշիմ է այս գործի արդարացի լուծման հարցում: Դատախազը նաև նշեց, որ առերեսում կատարելը քննության այդ փուլում այլևս անիմաստ էր, քանի որ վկաները կարող էին մի քանի ամիսների ընթացքում պայմանավորվել ցուցմունքների շուրջ:

Ռուբեն Հակոբյանի առարկությունից հետո դատարանը հեռացավ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատական նիստը հետաձվեց մինչև նույն օրվա ժամը 14:00-ն:

Ժամը 14:00-ին դատարանը հրապարակեց դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը:

Որոշման հրապարակումից հետո, այնուամենայնիվ, դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ բավարարելով տուժողի իրավահաջորդի միջնորդությունը, առ այն, որ նա առանց իր ներկայացուցիչ Արթուր Սաքունցի չի կարող ներկայացնել իր շահերը, բացի այդ Սաթիկ Սարգսյանը դատարանից ողջամիտ ժամանակ խնդրեց երկրորդ ներկայացուցիչ ներգրավելու և նրա կողմից գործի նյութերին ծանոթանալու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  2013 թ. նոյեմբերի 5-ը, որի ժամանակ կքննվի տուժողի իրավահաջորդի ներկայացրած միջնորդությունը:

Հարկ է նշել, որ դատարանի դահլիճում սահմանվածից շատ մարդիկ էին հավաքվել, և դատական կարգադրիչները այդ անձանց դատարանի դահլիճ էին թողնում առանց զննելու: Ներկաների մեծ մասը ալկոհոլի ազդեցության տակ էր և սպորտային հագուստով, որը հակասում է սահմանված նորմերին:

hcav.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս