Բաժիններ՝

Արտակարգ ուղերձ. Բոլոր նրանց, ովքեր տուժել են ՀՀ դատաիրավական համակարգի ապօրինություններից, բայց չեն զրկվել պատվախնդրությունից

Հարգելիներս, մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը:

Այլ իրավիճակ չէր էլ կարող լինել, քանի որ պնակալեզության, ստորաքարշության, կաշառատվության և այլ արատավոր միջոցներով դատավարական իրավունքներ ու մարդկային ճակատագրեր տնօրինելու հնարավորություններ ճանկած «ճարպիկները» հանրապետության դատաիրավական համակարգի բոլոր հաստատությունները, վերևից` ներքև, վերածել են ծուռ հայելիների թագավորության անբարո շեղաբեկումով գործող խաբկանքի թատրոնների, որոնցում` արդարադատության պատրանքի ներքո, իրականացվում են սևը` սպիտակ, ծուռը` շիտակ, թացը` չոր, կամ լրիվ հակառակը ներկայացնող աճպարարություններ:

Օբյեկտիվ իրականությունը նենգափոխելու կենտրոնակայանը և աճպարարության ակադեմիական դատաթատրոնը, անշուշտ, վճռաբեկ դատարանն է, լիիրավ խարդավողի բացառիկ մենաշնորհով օժտված գլխավոր դատառեժիսոր Արման Մկրտումյանի ղեկավարությամբ, ով նաև խաբեության դատադրամատուրգիայի շտեմարան-գրչանոցի վերակացուն է:

Հենց նա է, որ, վերադասի հանձնարարականներն ու ֆինանսաշատ երևելիների պատվերները կատարելու միտումով` քրեական լեգենդի, և քաղաքացիական ու վարչական դրամայի գծով իր ասիստենտներ Դավիթ Ավետիսյանի ու Հենրիկ Խունդկարյանի դատապալատ-թատերախմբերում ընդգրկված` Վարդան Ավանեսյանի և Համլետ Ասատրյանի տիպի խամաճիկ դատավորների ստորագրություններով «օրինականացնում» է ստորադաս ատյանների վասալ նախագահների ու ճորտ դատավորիկների խաղացած ներկայացումներում առկա աճպարարությունների համար հենք դարձած սուտն ու կեղծիքը:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, այդ երկու թատերախմբերն իրենց հովանավորյալներին մատուցելով մեծագույն ծառայություն` նրանց շահերին առնչվող բոլոր վճռաբեկ բողոքներն` առանց քննության, առանց իրավական հիմնավորման, բացահայտ անհոգի վերամբարձությամբ վերադարձնում են բողոքաբերներին, ինչով խախտում և ոտնահարում են` կայացված դատավճիռը` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման վերաբերյալ ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` քաղաքացու իրավունքը:

Անպատժելիության ամբարտավան հոգեբանությամբ ներծծված այդ գործելաոճին վերջ տալու նպատակով` Փաստաբանների պալատի անդամները բազմիցս բարձրաձայնել են խնդրի արատավոր էությունը, որը «վերևներին» լսելի դարձնելու համար նույնիսկ գործադուլ (դատադուլ) են հայտարարել, սակայն, ինչպես ասում են` «ձայն բարբառո հանապատի» … Այնուամենայնիվ, փաստաբանների գոյությունն ու գործունեությունը հակառակ իմաստով արժանացավ իշխանությունների «համարժեք» վերաբերմունքին:

Այսպես. Արդարադատության նախարարությունը կառավարության միջոցով Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց թերուսների հորինած մի օրինագիծ, որի գերխնդիրը փաստաբաններին հլու-հպատակի կարգավիճակով կամակատար դարձնելն է: Ուսյալները նման քայլի չէին դիմի: Որպես փաստաբան` ես կիսում եմ գործընկերներիս օրինական վրդովմունքը և կարծում եմ, որ պետության իրավական հիմքը խարխլող այս «վայ պետականասերներին» դեպի «հեռու ճանապարհ» ուղարկելուց առաջ պետք է հնչեցնենք բուռն ու երկարատև ծափահարություններ: Այդ պարագայում նրանք, իրենց նախակերպարի պես, թերևս, բացականչեն` «պետք չէ օվացիա, պարոնայք, պետք չէ»:
Արդարադատությունը բնականոն հունից շեղող մեքենայություններին, ինչ խոսք, մասնակից են շատերը, որոնք առաջին հայացքից` խիստ տարբեր, բայց բուն էությամբ` գրեթե նույնն են:

Համադրենք միայն երկու «կարկառուն դատագործիչների»: Մեկը` այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, ով քողարկված ցինիզմով էր սանձավարում հետաքննության, նախաքննության, դատաքննության ու քրեակատարողական փուլերում ընթացող աճպարարությունները և հմտությամբ էր կազմակերպում մեղքերի թողության վճարատոմսերի` ինդուլգենցիաների վաճառքը:

Մյուս արժանահիշատակ «գործիչն» արդարադատության նախարարի պաշտոնն անլրջացրած Հրայր Թովմասյանն է, ով անթաքույց ելևէջումներով զուր փորձում է լծորդվել «աճպարարների համքարությանը», նաև` ծաղրի առարկա դառնալով, ճգնում է անձամբ ուղղորդել արդարադատության պղծումների գործընթացը, սակայն հիմնականում խարխափելով` դեգերում է իր համար հատուկ մթնեցրած դատակուլիսներում:

Պատահական չէ, ուրեմն, որ հայաստանյան դատաաճպարարությունները, հանրության հեգնանքից ու արհամարհանքից զատ, պարբերաբար արժանանում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարոյամասնագիտական ապտակներին:

Պատահական չէ նաև այն, որ հանցավոր աշխարհի ներքին օրենքները սրբորեն պահպանող ու լայն ընդգրկմամբ տարաբնույթ վեճերը հմտորեն լուծող քրեական հեղինակությունները` «օրենքով գողերը», ժողովրդի մոտ ավելի բարձր համարում ունեն, քան` իրենց անձնական պատասխանատվությամբ ու իրավագիտակցությամբ առանձնանալով` արդարադատություն իրականացնելու սահմանադրական առաքելությամբ օժտված դատավորներն ու նրանց ուղղորդող պետական պաշտոնյաները, ովքեր, ստի ու կեղծիքի ճանապարհը հարթելու համար, պետության օրենքներն օրինական կիրարկումից հանելով, կարդա` գողանալով, որպես օրենք գողացողներ` ինքնըստինքյան դառնում են «օրենքի գողեր» և պետության օրենքներին վերաբերվում են գողոնի պես…

Չշփոթելու համար` փաստենք, որ «օրենքով գող» բառակապակցությունը` տվյալ միջավայրի համար` տիտղոս, պատվանուն է, իսկ «օրենքի գող» ասվածը` անտարակույս, արհամարհական պատժանուն է, որը կրող պաշտոնյաները նույնացվում են «մուլտիկներից» հայտնի` այն վարկաբեկված կենդանիների հետ, որոնք գանահարվելու պարագայում էլ անամոթաբար կրծոտում են վարժ հաչոցով փախցրած ոսկորը, կամ` ինքնամոռացությամբ ծամծմում են պատվիրված ձևով «պոչ խաղացնելու» և «անհրաժեշտ զռզռոց» արտաբերելու դիմաց «վաստակած» խոտի հավելյալ բաժինը:
Այսքանով հանդերձ, նրանցից ոչ մեկը չի զլանում առիթ բաց չթողնելով` ձևանալ խղճի մարմնացում և օրենքի արձան:

Դառն է, բայց` փաստ, որ հայաստանյան արդարադատությունը վերածվել է «կարիկատուրայի»:

Այս բնութագրական բառը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահինն է:
Իր դժգոհությունը չի թաքցնում նաև Հանրապետության նախագահը, ով երբեմն-երբեմն հանրությանը լսելի դարձնելով` ամենավերջին վիրավորական խոսքերով խարազանում է դատաիրավական համակարգի աշխատողներին:
Մասնավորապես, Գլխավոր դատախազությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ նա ասել է` «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները, գործի հանգամանքները պարզելու փոխարեն` կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին` որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա:

Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք, ես, ուղղակի, չեմ պատկերացնում»: Իսկ վճռաբեկ դատարանում նա շեշտել է հետևյալը` «Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և նրա անկախությունը, և, բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ` իր ենթակառուցվածքներով, թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով»:

Հանրապետության նախագահն առիթի դեպքում նաև պատժում է քննիչներին, դատախազներին և դատավորներին: Բայց հայտնի են դեպքեր, երբ պատիժը տրվել է ոչ այն պատճառով, որ պատժվողը քաղաքացիների իրավունքներն է ոտնահարել, այլ` այն, որ թերի են կատարել իջեցված հրահանգները:

Օրինակ. նախագահի հրամանագրով պաշտոնանկ արված` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի «մեղքը» եղել է լոկ այն, որ նա` «վերևների» կամքին հակառակ, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է օրենքով նախատեսված այլընտրանքով` գրավով:
Եթե նկատի առնվի, որ տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական գործը հետագայում այլ կազմով դատարանի կողմից ընդհանրապես կարճվել է` արդարացման հիմնավորումով, ապա ակնհայտ կդառնա, որ դատավորին տրված պատիժը, մեղմ ասած, չի բխում օրենքի պահանջից: Դրան հակառակ` անպատիժ են մնում բացահայտ օրինախախտ դատավորները:

Այսպես. դատավոր Լ. Աթանյանը որպես օրինական ապացույց է ճանաչել խոշտանգումով մեղադրյալից վերցված ցուցմունքը, և իր կայացրած մեղադրական դատավճիռը հիմնավորել է հետևյալ կերպ` «Դատարանը գտնում է, որ… հետաքննության մարմնի կողմից մեղադրյալի հանդեպ բռնությունը գործադրվել է ճշմարտությունը բացահայտելու համար»: Ժամանակին ամբաստանյալի պաշտպանները միջնորդություն էին արել` պահանջելով պատժել օրինազանց դատավորին, սակայն նա թողնվել է անպատիժ` այն ստանդարտ պատճառաբանությամբ, որ` «Դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:

Նույնիսկ այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանն այդ գործով վճիռ կայացրեց` ի վնաս Հայաստանի Հանրապետության («Միշա Հարությունյանն` ընդդեմ Հայաստանի գործը»), որով Հայաստանը համարվեց երկիր, որտեղ դատարանն արդարացնում է մեղադրյալից ցուցմունքներ կորզելու` միջնադարյան ինկվիզիցիայի մեթոդները, դատավոր Լ.Աթանյանին ընդամենը տրվել է նկատողություն` թողնելով պաշտոնում, իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների խամաճիկ դատավորները, ովքեր այդ արտառոց հետևությամբ դատավճիռն` իրենց ստորագրություններով օրինականացնելով, թողել էին ուժի մեջ, որևէ պատասխանատվություն չեն կրել:

Պակաս զավեշտալի չէ նաև մյուս օրինակը: Թիվ ԵԷԴ/0155/02/09 քաղաքացիական գործով, դատավոր Վ. Ասլանյանը 16.02.2012թ.-ի վճռով Հայաստան ներգաղթած միակողմանի ծնողազուրկ Խորեն և Գևորգ Խաչերյաններին ու նրանց մորը վտարել է իրենց հայրական տնից, սակայն բռնելով կեղծիքի ուղին, նա հայցվորին և պատասխանողին հատկացրել է` վճռի` 2-ական էջի ծավալով բովանդակափոխված տարբերակներ, ինչի հետևանքով` բողոք բերող կողմին, ըստ էության, գցել է թյուրիմացության մեջ` դրանից բխող անցանկալի դատավարական հետևանքներով: Աճպարարության վառ օրինակ հանդիսացող տվյալ վճիռն ավագ աճպարարների կողմից թողնվել է ուժի մեջ, իսկ սույն զեղծարար դատավորի արարքը համարվել է օրինաչափ…

Փաստորեն, մի դեպքում` պատժվում է անմեղ դատավորը, իսկ մյուս պարագաներում` ներվում են պղծված համակարգի «մեծավորների» բարեհաճությանն այլևայլ միջոցներով արժանացած օրինազանցները, ովքեր` անպատժելիությամբ գոտեպնդված, շարունակում են ծածանել կեղծիքի դրոշը:

Ակնհայտ է, ուրեմն, որ դատաիրավական իշխանությունների հանդեպ եղած անվստահությունը հիմնազուրկ չէ:
Ակնհայտ է նաև, որ այդ անվստահությունն այն էական պատճառներից է, եթե ոչ` գլխավորը, ինչը ստիպում է Հայաստանի քաղաքացիներին` զանգվածաբար լքել հայրենիքը:

Այդ առումով հատկանշական է, որ հայրենի երկիրը հիասթափությամբ լքողի արարքը հոգեբանական զարգացման առումով գրեթե նույնական է, ինչ հուսաբեկված ինքնասպանի արարքը: Նույնական է նաև այն, որ գիտակցելով վախճանի անխուսափելիությունը` երկուսն էլ, վճռորոշ քայլին դիմելուց առաջ, կատարում են միջանկյալ քայլ. նախ` թքում են իրենց այդ վիճակին հասցնողի` տվյալ դեպքում, առավելապես` դատաիրավական համակարգ հորջորջվող կառույցի կողմը, ապա դրանից հետո` մեկը լքում է կյանքը, մյուսը` հայրենիքը:

Դատաիշխանական ապօրինություններից տուժածներից մեկն էլ ես եմ, սակայն վերը հիշատակված միջանկյալ քայլը կատարելով հանդերձ` ո՛չ ինքնասպան կլինեմ, ո՛չ էլ մեր հրաշք երկիրը կլքեմ ու ասպատակության կթողնեմ այն ապաշնորհ ստահակներին, որոնց կերպարի չարենցյան բնութագիրն այս է` «Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով»:

Գիտակցելով, որ հարազատ երկրում իրավունքներդ ոտնահարող, անձդ վիրավորող ու համակարգը վարկաբեկող անօրենների նկատմամբ համարժեք վերաբերմունք չդրսևորել, թողնել անպատիժ և ապրել լռելյայն` չի կարելի, դիմում եմ դատաիրավական համակարգի պղծություններից տուժած բոլոր պատվախնդիր քաղաքացիներին, որ յուրաքանչյուրն իրեն պատճառված կորուստն անընդունելի համարելով` նաև` հետագայում իր և այլոց համար նույնը բացառելու նպատակով, սկսի ծավալել ոչ թե վրիժառության, այլ` պատվախնդրության համընդհանուր դատական գործընթաց` ճշմարտությունը բարձրաձայնելու և իրերն իրենց անունով կոչելու միջոցով օրինազանցներին վնասազերծելու համար:

Հարգելի հայրենակիցներ, շատերիդ նման, ես նույնպես անկեղծորեն հիացած եմ ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածով, որը հռչակում է` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:
Միևնույն ժամանակ` ցավ եմ զգում, որ համամարդկային այս վեհ գաղափարը մեր պետության սահմանադրությունում ամրագրելը ոչ թե իրագործման երաշխիք է, այլ` ընդամենը տիեզերական հեռուներում թափառող բաղձալի երազ:

Այդուհանդերձ, չմոռանանք նաև, որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք» (18-րդ հոդված): Փաստենք նաև, որ` մեր իրավունքները ոտնահարող և արդարադատությունը բռնաբարող չարագործներին անարգանքի սյունին գամելով` մեր պաշտպանության համար անհրաժեշտ վտանգազերծ գոտիներ ստեղծելը ոչ մի օրենքով արգելված չէ:

Այսպիսով. այլընտրանք չունենալու պարագայում` մենք պարտավոր ենք` Հանուն արդարության ու պատվախնդրության` առանց վարանելու, առանց երկմտելու` դատապարտել և արարքի ծանրության աստիճանին համաչափ պատժել բոլոր այն անօրեններին, ովքեր, գիտակցելով հանդերձ իրենց արարքի հանցավոր էությունը` այնուամենայնիվ, պատվիրել, հեղինակել կամ «օրինականացրել» են մեր իրավունքները ոտնահարող և մեր արժանապատվությունը վիրավորող դատական ակտերը:

Պատվախնդրությունից չզրկված  ՀՀ քաղաքացի` ԳԵՎՈՐԳ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Երևան, 14.10.2013 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս