
Լրտեսական սկանդալը սպառնալիքի տակ է դրել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի հնարավոր գաղտնալսումը սպառնալիքի տակ է դրել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը:
Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ անկարելի է ստորագրել այդպիսի համաձայնագիր, քանի դեռ համապարփակ պարզաբանում չի տրվել ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտման վերաբերյալ:
Գաբրիելը հավելել է, որ կանցլերին գաղտնալսելն առաջացնում է վրդովմունք և բացարձակապես անընդունելի է. «Ամերիկացիներն անհարգալից են գտնվել եվրոպական քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
Խնդիրը հիմնականում կայանում է դրանում: Եթե նրանք շարունակեն իրագործել այդօրինակ գործունեություն, ապա կկործանեն այն արժեքների հիմքը, որի վրա կանգնած է անդրատլանտյան միությունը»: