
Մաքսային միության առաջնորդներն այսօր Մինսկում կքննարկեն Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդներն այսօր Մինսկում քննարկելու են Մաքսային միության, Միասնական տնտեսական տիրույթի զարգացման հարցը և վերջինիս հիման վրա Եվրասիական տնտեսական միության ձևավորման հարցը:
Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման գլխավոր հարցերից մեկը դառնալու է Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտի քննարկումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Չի բացառվում, որ քննարկմանը կարող է մասնակցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, Մաքսային միության առաջնորդները քննարկելու են կառույցին Ղրղզստանի միանալու հարցը:
Հանդիպումն անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Միասնական տնտեսական տիրույթի նստաշրջանի ձևաչափով, որի նախորդ հանդիպումը անցկացվել է մայիսին Աստանայում, իսկ հաջորդ հանդիպումը պլանավորված է Մոսկվայում:
Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը երկկողմ առանձին երկկողմ հանդիպումներ է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: