ԵՄ-ի երկրները Բրյուսելում կքննարկեն Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստման հարցը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում մեկնարկում է Եվրոպական խորհրդի երկօրյա նստաշրջանը, որի ընթացքում ԵՄ-ի առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստության ընթացքը:
Լիտվան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիրը, վաղն առավոտյան զեկուցելու է Վիլնյուսյան գագաթաժողովին նախապատրաստվելու ընթացքի մասին: Նախօրեին Եվրախորհրդարանը Ստրասբուրգում մանդատ է տրամադրել Եվրահանձնաժողովին՝ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար, եթե Կիևը կատարի անհրաժեշտ բոլոր պահանջները:
ԵՄ-ի երկրների առաջնորդները կենտրոնանալու են նաև ԵՄ-ի բյուջեի և եվրոգոտու ապագայի ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիների վրա: Բացի այդ, ԵՄ-ի անդամ 28 երկրների առաջնորդները քննարկելու են ապօրինի ներգաղթյալների հարցը՝ կապված վերջին շրջանում Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների հետ պատահած աղետալի իրադարձությունների (նավաբեկությունների) հետ: