Ադրբեջանը դադարեցրել է իր գործունեությունը «Եվրանեսթ» ԽՎ-ում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Եվրանեսթ» ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է իր գործունեությունը տվյալ կառույցում: Այս մասին նշված է «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի անունից այսօր տարածված հայտարարությունում:
Դրանում ընդգծվում է, որ այդ որոշումը կապված է նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 32-րդ կետի հետ, որում ընդգծվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի պահանջներին ու չափորոշիչներին:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ հենց Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը դրականորեն է գնահատել այդ ընտրությունները՝ դրանք ճանաչելով որպես ազատ, թափանցիկ ու արդար:
Հայտարարությունում ընդգծվում է, որ քանի դեռ չի իրականացվել հետաքննություն և քանի դեռ չեն ընդունվել համապատասխան միջոցներ, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գոծունեությունը Եվրախորհրդարանի հիմնած «Եվրանեսթ» ԽՎ-ում:
Վերջինս ստեղծվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: