Բաժիններ՝

Թուրքիայում կալանավորվել է Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կալանավորվել է Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը: Դա տեղի է ունեցել նրան կալանքի տակ վերցնելու մասին դատարանի որոշում կայացնելուց 38 օր անց: Նրան կալանավորել են երեկ, տեղական ժամանակով ժամը 16.30-ին, Ստամբուլում:

Էրհան Թունջելը չէր մասնակցել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստին և այդ օրից ի վեր՝ չէր հանձնվել ցայժմ: Ավելի վաղ Թունջելը Star թերթին տված հարցազրույցի ժամանակ խոստացել էր հանձնվել 15 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։

2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք: Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Այս տարվա մայիսի կեսին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, ինչից հետո սկվել է նոր հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս