
ԱՄՆ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն ամերիկացի դեսպանին կներկայացնի տվյալ հարցում Գերմանիայի կառավարության հստակ դիրքորոշումը: Գերմանիայի կառավարությունը տվյալ հարցի շուրջ արդեն իսկ հայտարարություն է տարածել, իսկ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Մեքսիկայի ու Բրազիլիայի նախագահներին, Ֆրանսիայի քաղաքացիներին, Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, Ֆրանսիայի ներկայացուցչության աշխատակիցներին:
Այս ամենի մասին են վկայել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները, ով ներկայումս ժամանակավորապես ապրում է Ռուսաստանում: