
Վերջին մեկ տարում հանգուցյալ հանրաճանաչ անձանցից ամենաշատը «վաստակել» է Մայքլ Ջեքսոնը. Forbes

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մայքլ Ջեքսոնը վերստին սկսել է գլխավորել հանրահայտ մարդկանց ցուցակը, որոնք շարունակում են վաստակել անգամ իրենց մահվանից հետո: Այդ ցուցակն ամեն տարի կազմում է Forbes պարբերականը:
Վերջինիս հաշվարկներով՝ «փոփ երաժշտության արքան» 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում «վաստակել» է 160 միլիոն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում Մադոնան, ով գլխավորել է ամենաշատ վաստակած ողջ հանրաճանաչների 2013 թվականի ցուցակը, վաստակել է միայն 125 միլիոն դոլար:
2009 թվականին մահացած Մայքլ Ջեքսոնն ավելի վաղ երկու անգամ գլխավորել է ամենահարուստ, մահացած հանրահայտ անձանց ցուցակը: Միայն 2012 թվականին է նա առաջին հորիզոնականը զիջել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլվիս Փրեսլին, ով պարբերաբար հայտնվում է այդ ցուցակում: Նրա հետմահու վաստակը վերջին մեկ տարում գնահատվել է 55 միլիոն դոլար: Երրորդ տեղը զբաղեցրել է կոմիքսների հեղինակ Չառլզ Մոնրո Շուլցը՝ 37 միլիոն դոլար:
Նախորդ տարվա ցուցակը գլխավորած Էլիզաբեթ Թեյլորն այս անգամ միայն չորրորդն է՝ 25 միլիոն դոլար: Նրան հաջորդում է երաժիշտ Բոբ Մարլին՝ 18 միլիոն դոլար:
Ամենահարուստ հանգուցյալ հանրաճանաչների ցանկում են ընդգրկվել նաև դերասանուհի Մերիլին Մոնրոն (15 միլիոն դոլար), երաժիշտ Ջոն Լենոնը (12 միլիոն դոլար), գիտնական Ալբերտ Էյնշտեյնը և ֆոտոմոդել Բեթի Փեյջը (10-ական միլիոն դոլար), մանկական հեքիաթների հեղինակ Դոկտոր Զյուսը (իրական անունը՝ Թեոդոր Գեյզել, 9 միլիոն դոլար), դերասան Սթիվ Մաքքուինը (9 միլիոն դոլար), դերասան Բրյուս Լին և երգչուհի Ջեննի Ռիվերան (7-ական միլիոն դոլար):