Վրաստանի ու Ռումինիայի նավահանգիստների միջև կհաստատվի լաստանավային հաղորդակցություն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում «Լաստանավային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր է ստորագրվելու Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության ու Ռումինիայի տրանսպորտի նախարարության միջև:
Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրելու են էկոնոմիկայի փոխնախարար Նաթիա Միլեաձեն, իսկ ռումինական կողմից՝ տրանսպորտի փոխնախարար Մարիան Բուիցան: Հուշագրով նախատեսվում է մոտ ապագայում լաստանավային հաղորդակցություն հաստատել երկու երկրների նավահանգիստների միջև:
Դա մասնավորապես վերաբերում է Վրաստանի Բաթումի ու Փոթի և Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստներին: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն ընդգծել է, որ դա հնարավորություն կտա մեծացնել Վրաստանի նավահանգիստներում բեռնաշրջանառության ծավալը, մեծացնել Վրաստանի տարանցիկ պոտենցիալը և ստեղծել նոր աշխատատեղեր: