ԱՄՆ ռազմածովային ուժերը գործածությունից հանված ավիակիրը վաճառել են 1 սենթով
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը մեկ սենթով են վաճառել Forrestal ավիակիրը, որն ամերիկյան նավատորմի կազմը լքել է դեռևս 1993 թվականի սեպտեմբերին: Ավիակիրը գնել է տեխասյան All Star Metals ընկերությունը: Նավը վաճառվել է աճուրդով, որում միակ գնորդը եղել է հենց տեխասյան ընկերությունը:
Առաջարկված գինը հենված է եղել մաքուր շահույթի վրա, որը All Star Metals-ը կարող է ստանալ, եթե վաճառի ավիակիրը մասերի բաժանելուց ստացված մետաղը: Տեխասյան ընկերությունը պետք է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայից իր հաշվին բուքսիրով ավիակիրը տեղափոխի դեպի Տեխասի Բրաունսվիլ, ուր և կմասնատվի նավը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում 38 տարի գտնված ավիակրի գնման հարցում All Star Metals-ը հաշվարկել է բուքսիրի և նավի մասնատման վրա կատարելիք ֆինանսական ծախսերը: Forrestal-ը ջուրն է իջեցվել 1954 թվականի դեկտեմբերին, Վիրջինիայում: Նավն իր անունը ստացել է ի պատիվ ԱՄՆ առաջին պաշտպանության նախարար Ջեյմս Ֆորեստալի:
Ավիակրի երկարությունը կազմում է 325 մետր, լայնությունը՝ 72.5 մետր, ջրում ընկղմվածությունը՝ 11 մետր, ջրատարողությունը՝ 59.700 տոննա, արագությունը՝ 33 հանգույց, ընթացքի պաշարը՝ 12.000 մղոն: Ավիակրի վրա տեղակայված է եղել 127 միլիմետր տրամաչափի 8 զենիթային հրետանային սարք և 90 ինքնաթիռ: Ավիակրի անձնակազմը կազմել է 5540 մարդ: