Ն. Զոհրաբյան. Հերթական անգամ այդ տիկնոջ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը

«Հերթական անգամ այդ տիկնոջ հայտարարությունները, ինչպես միշտ, չեն համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից «Ժառանգությանը» դուրս թողնելու ԱԺ նախագահի որոշմանը սատարել են նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

«Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խմբակցություններից տեսակետ են խնդրել ներկայացնել, թե ինչպես ենք վերաբերում առաջարկվող նոր կարգին, ըստ որի՝ պահպանված են այն պահանջները, որոնք առաջադրում է ԵԽ ԽՎ կանոնադրությունը, այն է, որ ազգային պատվիրակությունները պետք է պահպանեն երկու հիմնական սկզբունք` իշխանություն-ընդդիմություն հավասարակշռությունն ու գենդերային հավասարակշռությունը: Ես անձնապես կողմ եմ արտահայտվել առաջարկված տարբերակին: Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանին, ապա կարող եմ ասել, որ նա հնարավորություն չի ունեցել տեսակետ հայտնելու այն պատճառով, որ տիկին Փոստանջյանը թույլ չէր տալիս, որ նա ընդհանրապես խոսի: Եվ Զուրաբյանը հրաժարվեց որևէ տեսակետ հայտնել»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի մեկ այլ հայտարարությանը, թե ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված թե ընդդիմադիր, թե իշխանական ներկայացուցիչները «պայմանավորվածություն» են ձեռքբերել՝ որևէ հարց չուղղել նախագահ Սերժ Սարգսյանին, ապա Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքը մինչև Ստրասբուրգ մեկնելն ասել է, որ հարց չի ուղղելու Սերժ Սարգսյանին` պատճառաբանելով, որ եթե ինքը ցանկանա նախագահին հարց ուղղել, ապա դա կանի Հայաստանում՝ «երկրի ներսում», ինչը ԲՀԿ քարտուղարի խոսքով, իր համար սկզբունքային որոշում էր:

«ԲՀԿ-ն երբևէ որևէ մեկի հետ բան չի ճշտում, չի համաձայնեցնում: Ավելին` առաջին անգամ Ստրասբուրգ մեկնելուց առաջ աշխատանքային խորհրդակցություն չի եղել, ինչպես լինում է ամեն անգամ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս