Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում
«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչև վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։ News.am-ի փոխանցմամբ՝ սրանք 16-ամյա Էդգարի մոր՝ Աննա Կարապետյանի խոսքերն են որդու դին տուն բերելուց անմիջապես հետո։ Կատարվածի մասին կայքի թղթակիցը զրուցել է նրա ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հետ:
«Հորեղբոր որդիներ Էդգարն ու Էդուարդը տարեկիցներ էին՝ 16 տարեկան, ծնվել էին 20 օրվա տարբերությամբ ու շատ մտերիմ էին։ Դեպքի օրը Էդգարը, Էդուարդն ու Տաթեւիկը նստած են եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին։ Էմման՝ Էդգարի քույրը, նստել էր դիմացը՝ հոր և հորեղբոր արանքում՝ դեմքով դեպի եղբայրները։ Վարորդը հորեղբայրն էր՝ Արթուրը։ Ճանապարհին Էմման եղբորը խնդրել է տեղերով փոխվել՝ դժգոհելով, որ մեջքը ցավում է։ Էդգարը չի համաձայնել, թե՝ «ես Էդոյիս կողքն եմ նստում»։
Կամրջի տակ՝ խաչմերուկում, Արթուրը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը՝ տեսնելու՝ մյուս կողմից մեքենա գալիս է, թե ոչ, երբ Վարդան Պետրոսյանի մեքենան հետեւից հարվածել է։ Էմման, որն ամենաքիչն է տուժել վթարից, արագ կողմնորոշվել է, զանգել շտապօգնություն, ընտանիքին, նույնիսկ հասցրել է անջատել մեքենայի շարժիչը ու հերթով դուրս է բերել հարազատներին։
Երբ շտապօգնությունը եկել է, մտածել է, թե եղբոր վիճակը լավ է, ճակատը համբուրել է, ասել՝ «մի նեղվի, ախպերս, պինդ եղի, ես պապայի հետ գնամ, պապայի սիրտը հիվանդ ա»։ Նույնիսկ պահանջել է, որ բժիշկները նախ սրսկեն հորը, հետո տանեն, որ սիրտը դիմանա, քանի որ հայրն ի ծնե սրտի արատ ունի։ Եղբայրը՝ Էդգարը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Հայկի ողնաշարը վնասվել է, նրան թույլ չեն տալիս շարժվել, անդամալույծ դառնալու վտանգ կա։ Բայց պնդել է, որ հոգեհանգստին իրեն տուն բերեն։ Սկզբում հարազատները որոշել են Հայկին որդու մահվան լուրը չհայտնել, բայց կինը պնդել է՝ թե «ինձ չի ների»։ Սկզբում Հայկին նախապատրաստել են, ասել են, թե տղաները լավ չեն, դեպի վատն են գնում։ Ավելի ուշ Հայկին ընկերներն ասել են ճշմարտությունը։ Երեկ երեկոյան Աննան գնացել է Հայկի մոտ հիվանդանոց՝ սիրտ տալու։ «Չի լացել, դուխ է տվել, դուրս եկել, հիվանդանոցի բակում ընկել»,- պատմել է Սիրանույշը։
Հակոբյանները զայրացած են իրենց ընտանիքի դժբախտության նկատմամբ հանրության անտարբերությունից, եւ նրանից, որ «բոլորին հետաքրքրում է միայն դերասանի վիճակը»։ Վարդան Պետրոսյանի ընտանիքից ոչ ոք նրանց չի այցելել, ցավակցություն չի հայտնել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի