Բաժիններ՝

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ. ռուս քաղաքագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս քաղաքագետ, Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ոչ վաղ անցյալում արված այն հայտարարությունը, թե Հայաստանը ոչ մի կերպ չի մտնի Մաքսային միության մեջ, ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, հնարավոր է և որ ո՛չ էլ մյուս տարի.

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ: Խնդիրը կայանում է միայն երկրի ղեկավարության քաղաքական կամքի առկայության մեջ: Լուկաշենկոն այդ խոսքերն ասելիս նկատի է ունեցել մի շարք անուղղակի գործոններ, որոնց մասին նա քաջատեղյակ է որպես Մաքսային միության մասնակից երկրներից մեկի առաջնորդ և եվրասիական տիրույթում ինտեգրացիոն գործընթացների անմիջական մասնակից:

Սակայն այդ գործոնները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին՝ երկրի բարձրագույն ղեկավարության մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում:

Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համարձակություն ցուցաբերի և գտնի անհատական մոտեցում Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի հանդեպ, ապա Երևանը մոտ ապագայում կկարողանա դառնալ միասնական բեկումնային մշակութային-քաղաքակրթական գործընթացի մասնիկը:

Ավելին, եվրասիական ինտեգրացիան Երևանի միակ հնարավորությունն է՝ գոյատևելու համար ամերիկակենտրոն աշխարհում, ուր ԱՄՆ-ը ճնշում է յուրաքանչյուր այլակարծություն: Կրկնում եմ փրկվելու միակ հնարավորությունը եվրասիական ինտեգրումն է: Մաքսային միության մեջ մտնելու Հայաստանի ձգտումը հանդիսանում է առողջ մտածելակերպի ցուցիչ և ոչինչ ավելի»:

Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս չի մտնի Մաքսային միության մեջ:

Նա ընդգծել էր, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու մտադրության մասին փաստաթուղթ, ինչը, սակայն, չի նշանակի տվյալ գործընթացի արագ ավարտ:

Լուկաշենկոն կարծում է, որ ներկայումս պաշտոնական Երևանը կարող է միայն հաստատել իր ինտեգրացիոն առաջնահերթությունները՝ ընտրություն կատարելով ԵՄ-ի ու Մաքսային միության միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս