Ճախրող գույներից դեպի ազատ երկինք. Հայաստանի օդային փոխադրումների ոլորտը ազատականացվում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:
Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա: Ստեղծվել է ծրագրի իրականացման աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատվել խմբի կազմը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ, խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: «Որպեսզի այս ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունվի՝ հանրապետության նախագահի հանձնարարականով Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր կնքեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Մաքքենզի ընկերության հետ, որը վարձեց աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը, – նշել է վարչապետը: – Ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ, Մաքքենզիի կողմից ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, վերլուծություններ, նրանց մասնագետները մի քանի անգամ այցելել են Հայաստան և արդյունքում ծնվել է այն հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է ձեր դատին: Ըստ այս բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են: Սրանք են հիմնական դրույթները, որոնք արտացոլված են այս ռազմավարության մեջ և նկարագրված են քայլերը, միջոցառումները, ժամկետները, թե ինչպես պետք է իրականացվեն այդ բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում: Մենք դեռևս հնարավորություն ունենք ևս հինգ օր աշխատել Մաքքենզիի մասնագետների հետ, որպեսզի առավելագույնս տեղայնացվի այս փաստաթուղթը և որպեսզի մենք կարողանանք այն դարձնել իրագործելի: Դրա համար խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ այս օրերին աշխատել էկոնոմիկայի նախարարի հետ և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք կլինի՝ Մաքքենզիի մասնագետները լինելու են ձեր տրամադրության տակ և ձեզ տալու են լրացուցիչ բացատրություններ, խորհրդատվություն, թե ինչ քայլերով պետք է այս ծրագիրն իրականացնել»: