Բերդ-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ միգուցե ժամանավորապես փակվեն. ՊՆ
Երեկ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր։ Ըստ Razm.info-ի՝ լուրեր են շրջանառվում, որ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակ են լինելու շուրջ մեկ շաբաթ։
Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Ռազմինֆոն կապ է հաստատել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։
«Շատ հնարավոր է, որ ավտոճանապարհի նշված հատվածները որոշ ժամանակով փակվեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- հաստատել է խոսնակը։
Այն հարցին, թե ինչ նորություններ կան հակառակորդի կրակից վիրավոր զինծառայողների վիճակի վերաբերյալ, պարոն Հովհաննիսյանը պատասխանել է, որ նրանցից մեկը դուրս է գրվել, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Երևան տեղափոխել են զուտ մեր վերահսկողության ներքո պահելու համար»,- հավաստիացրել է ՊՆ խոսնակը։
Հարցին՝ արդյոք ադրբեջանցիների ակտիվությունը պայմանավորված էր պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմամբ, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ նման հարցադրմանն արձագանքելը կնշանակի տալ քաղաքական գնահատական։
«Միայն կարող եմ ասել, որ հակառակորդի ցանկացած սադրանք լռեցվելու է ոչ միայն պատասխան, այլև շեշտակի գործողություններով։ Պատասխանատվությունն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է»,- եզրափակել է նա խոսնակը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: