Գալուստ Սահակյանը՝ «Ժառանգության» մասին. Տարբեր երգեր են երգում, միահամուռ չեն

««Ժառանգության» հետ կապված որևէ խնդիր ինձ համար անակնկալ լինել չի կարող, որովհետև իրենց շատ գործողություններ տարերայնորեն են ընթանում, և կառուցվածքի տեսակետից, և ընդգրկված պատգամավորների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով «Ժառանգություն« խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին որոշմանը:

Գ. Սահակյանի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցության թե խորհրդարանական, թե Երևանի ավագանու խմբակցությունները «տարբեր երգ են երգում», միահամուռ չեն. «Յուրաքանչյուրն իր երգն է երգում, այսինքն՝ միահամուռ, միակերպ մտածողություն՝ քաղաքական հայացքների տեսակետից, դեռևս որդեգրած չունեն: Ըստ էության, քաղաքական դաշտում սեթևեթելով, առանց արդյունքներ ձևակերպելու գործող թիմը առաջ գնալ չի կարող: Քաղաքական դաշտը մեկն է, անկախ նրանից ինչպիսի՞ ընդդիմություն է,  քաղաքական փոքրամասնությո՞ւն է, թե՞ մեծամասնություն, բոլորը նույն դաշտի մարդիկ են և պիտի կարողանան համագործակցել, որպեսզի նաև ընդդիմադիր կողմի արդյունքները զգալի լինեն»:

Գալուստ Սահակյանը հիշեց, որ «Ժառանգությունը» դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում էլ  «անկայուն» էր. «Մշտապես իրենք այդպես են եղել` անընդհատ խմբակցության ղեկավար էր փոխվում, քարտուղար էր փոխվում, նայած թե ինչպիսի դրսևորումներ ունեին կամ ինչպիսի լուրջ մտայնություններ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս