Հովիկ Աբրահամյանի ցանկությունը չկատարվեց

Ինչպես տեղեկացրել ենք` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ առավոտյան հանդիպում է  ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: 168.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է միջազգային խորհրդարանական կազմի ձևավորման նոր կարգի մասին նախագիծ: Նա առաջարկել է պատվիրակությանն անդամակցող խմբակցություններին ոչ թե մեկ, այլ` երկու թեկնածու առաջադրել, որպեզի ինքն ընտրության հնարավորություն ունենա:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանը  պատվիրակությունների ձևավորման նման տարբերակ է առաջարկել, որը բխում է ԱԺ կանոնակարգից, ապա նշեց. «Մենք ներկայացրինք մեր առաջարկները, դիտողությունները և պետք է գոհունակությամբ նշեմ, որ շատ առաջարկներ ընդունվեցին ու խմբագրման ենթարկվեց տեքստը: Այո, նախագիծը փոքրացնում էր ֆրակցիաների դերակատարությունը, սահմանափակում էր իրավունքները: Մասնավորապես՝ ասվում էր, որ ֆրակցիան պատվիրակության համար պետք է ներկայացնի երկու հոգու կամ ավելի շատ թվով անձանց, որ ԱԺ նախագահը ընտրություն կատարի: Սա սահմանափակում էր ընդդիմության իրավունքները և այս տարբերակը հանվեց»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ փոփոխությունների նպատակը պետք է ուղղվախ լինի արդյունավետության մեծացմանը. «Մենք համարում ենք, որ պետք է լինեն որոշակի չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելով պետք է ներկայացնեն թեկնածուներին: Ասենք` թեկնածուն պետք է տիրապետի այդ կազմակերության աշխատանքային օտար լեզվին և այլն: Նման օբյեկտիվ չափորոշիչներ պետք է լինեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետներին, թե նման փոփոխություններ կատարելով Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի անձամբ ընտրել պատվիրակության անդամներին, Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Սկզբից նման հնարավորություն կար, բայց մենք առաջարկեցինք փոխել ու փոխվեց, և չեմ կարծում, որ հիմա նա նման հնարավորություն ունի: Եթե մենք իսկապես համաձայնվեինք երկու հոգի ներկայացնել և նա ընտրեր, նման ռիսկ կլիներ»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ պատվիրակության կազմում փոփոխությունը կատարվում է «Ժառանգության» դեմ, ՀՅԴ ղեկավարն ասաց. «Խոսքը միայն ԵԽ ԽՎ-ի մասին չի եղել: Կարգը բոլոր պատվիրակությունների մասին է, որն, իհարկե, նաև ԵԽ ԽՎ-ին է վերաբերելու: Ես հասկանում եմ, որ ենթատեքստը ստրսսբուրգյան իրադարձություններից է բխում, բայց կարգն իսկապես փոփոխության կարիք ունի, թարմացնելու անհրաժեշտություն կա, որը մի օր առաջանալու էր: Կարգից չի բխում, որ ուղղված է խմբակցության դեմ, ես այդպես չեմ կարծում»:

Տեսանյութեր

Լրահոս