
Գալուստ Սահակյան. «Ժառանգությունը» որևէ անելիք չի ունենա նման բարձր պատվիրակությունների կազմում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած երեկվա խմբակցության ղեկավարների հանդիպումը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ «շատ սովորական խորհրդակցություն էր»: 168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, թե հանդիպման ժամանակ քննարկվել է միայն ԵԽ ԽՎ պատվիրակության հարցը: Մեր հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվել է միայն ԵԽ ԽՎ պատվիրակության կազմի փոփոխության հա՞րցը, նա պատասխանեց. «Այո»:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է տարբերվելու նոր կանոնակագը, գործող կարգից: Ի պատասխան ՀՀԿ ղեկավարն ասաց. «Որոշումը կկայացնի ԱԺ-ն նախագահը, որովհետև այդ ամենն իր լիազորությունների շրջանակում է, բայց միտումը նա է, որ կարգն այնպիսին լինի, որ հիմնականում բավարարի բոլոր խմբակցություններին: Խոսքը` պատվիրակների ընտրության մասին չէ, գործող կանոնակարգը կարգավորում է այս խնդիրը: Փոխվելու են կազմակերպչական հարցեր, որ պատվիրակությունը գնալուց առաջ խորհրդակցություն հրավիրի, փորձելու ենք հասկանալ օրակարգը, որով պետք է հանդես գան, որոշեն` ԵԽ ԽՎ-ում ինչպիսի խմբակցություններում ընդգրկվեն»:
Մեր հարցին, թե ԵԽ ԽՎ և այլ պատվիրակությունների կազմում փոփոխություն սպասվո՞ւմ է, նա պատասխանեց. «Բնականաբար, ես կարծում եմ, փոփոխություններ կլինեն, թեև այս հարցը չի քննարկվել»:
Իսկ թե որո՞նք են լինելու այդ խմբակցությունները. «Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնություն մենք կունենանք երեք անդամակցություն, մնացածը՝ մեկական, կընդգրկվի նաև ՕԵԿ-ը, որը հենց սկզբից պետք է ընդգրկվեր: Իսկ «Ժառանգությունը»` որպես աղճատված խմբակցություն, որևէ անելիք չի ունենա նման բարձր պատվիրակությունների կազմում»:
Ճշտմանը` «Ժառանգությունը» չի՞ անդամակցելու որևէ պատվիրակության, Գ. Սահակյանը պատասխանեց. «Այո: Ի միջիայլոց, պարտադիր չէ, որ ամեն խմբակցությունից ներկայացուցիչ լինի: Պարզապես պետք է ներկա լինի թե քաղաքական մեծամասնությունը, թե փոքրամասնությունը»: