500 ստորագրություն՝ ընդդեմ արդարադատության նախարարության օրենքի նախագծերի

ՀՀ արդարադատության նախարարության մշակած երկու նախագծերի դեմ փաստաբանների ստորագրահավաքը շարունակվում է: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանն 168.am-ին ասաց, որ թղթային տարբերակով արդեն 500 հայտարարություն է ստացվել Երևանից և տարբեր մարզերից:

«Դեռ շարունակում են ուղարկել, ոմանք՝ նամակով, մյուսներն առձեռն են բերում, մյուսները համախմբված հավաքում են և ինչ-որ մեկի հետ ուղարկում»,- ասաց Կարինե Ղումաշյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանների շրջանում դժգոհություն էին առաջացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր նամակում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զաքարյանը նշել էր, որ նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Փաստաբանների հաշվառումը պալատը կատարում է անվճար:

«Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը»,- նշել էր Փաստաբանների պալատի նախագահը: Օրենքների նախագծերում նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք 60.000 դրամի չափով:

 

Տեսանյութեր

Լրահոս