Ստորագրահավաքին միացել է 130 փաստաբան

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը վրդովմունք են առաջացրել փաստաբանների շրջանում: Նախագծերում նախատեսվում են մի քանի փոփոխություններ:

Այսպես, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք 60.000 դրամի չափով: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր նամակում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զաքարյանը նշել էր, որ նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: փաստաբանների հաշվառումը պալատը կատարում է անվճար: «Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը»,- նշել էր Փաստաբանների պալատի նախագահը:

Նախագծերի դեմ փաստաբաններն արդեն ստորագրահավաք են սկսել: Հայտարարությամբ փաստաբանները «ոչ» են ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող նախագծերին, հայտարարում են, որ չեն հաշվառվելու պետական մարմինի կողմից վարվող գրանցամատյանում և չեն վճարելու պետական տուրք, պահանջում են փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել:

Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտվա տվյալներով՝ թղթային տարբերակով ստորագրահավաքին միացել է 130 փաստաբան: «Հիմա նաև ավելացումներ ունենք»,- ասաց Կարիեն Ղումաշյանը՝ նշելով, որ 130-ի մեջ չեն մտնում այն փաստաբանների հայտարարությունները, որոնք հայտարարության տեքստն ուղարկել են էլեկտրոնային եղանակով կամ facebook սոցիալական ցանցով: Կարինե Ղումաշյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի 5՝ Արագածոտն, Շիրակ, Կոտայք, Արմավիր, Լոռի մարզերից նույնպես փաստաբաններ են միացել ստորագրահավաքին:

Կարդացեք նաև

Նշենք, որ երեկ հանդիպել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զաքարյանը. նրանք քննարկել են նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծերը: Կարինե Ղումաշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախատեսվո՞ւմ են նոր հանդիպումներ: «Քանի որ վերջնականապես դեռ լուծում չի գտնվել այդ օրինագծի հետ կապված, չեմ բացառում նման հանդիպումները, բայց հանդիպումներ լինելու դեպքում դուք անպայման կտեղեկացվեք»,- ի պատասխան ասաց Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս