
Օլանդը պարզաբանում է պահանջել Օբամայից՝ կապված գաղտնալսումների հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային հայտնել է, որ հավանության չի արժանացնում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին գաղտնալսելը: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ երկու երկրների նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ֆրանսիայի քաղաքացիներին:
Օլանդն Օբամային հայտնել է, որ բարեկամ ու դաշնակից երկրների միջև գաղտնալսման պրակտիկան անընդունելի է, քանի որ դա խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության ֆրանսիացի քաղաքացիների իրավունքը: Օլանդն Օբամայից պարզաբանում է պահանջել միջադեպի կապակցությամբ:
Նախագահները պայմանավորվել են համագործակցել հետախուզական գործունեության ճշգրիտ մասշտաբը և փաստերը հաստատելու հարցում: