ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը` Սերժ Սարգսյանի «բարեկամական քննադատության» մասին
«Չի եղել ո´չ սուր քննադատություն, ո´չ էլ ոչ բարեկամական կեցվածք»,- այսօր կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջին ասաց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երբ նրանից հայաստանցի լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվե՞լ է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների կեցվածքը Հայաստանի նկատմամբ և այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի` վերջերս հնչեցրած խիստ քննադատությունը:
Ըստ Բորդյուժայի` նման հարցեր միշտ են առաջանում, հատկապես, երբ կազմակերպության անդամ պետությունների գործողությունները գլոբալ կամ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ չեն համակարգվում, և դրա համար` որպես կանոն «նեղ կազմով»` նախագահների մասնակցությամբ, լինում է քննարկում, որտեղ նրանք պետք է ներկայացնեն այս կամ այն մտահոգություններն իրենց գործընկերների գործողությունների վերաբերյալ:
«Սա ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնող պետությունների համագործակցության նորմալ պրակտիկա է: Այո´, իսկապես Սերժ Ազատիչը հարց բարձրացրեց այն մասին, որ որոշ պետություններ անում են հայտարարություններ, որոնք հակասում են Հայաստանի դիրքորոշմանը: Բայց ևս կրկնում եմ` դա բարեկամական քննադատություն է: Եվ ես սա չէի որակի սուր քննադատություն կամ պետությունների ոչ ընկերական կամ թշնամական կեցվածք, դա ամենևին այդպես չէ: Հավատացեք, ես ներկա եմ լինում բոլոր նիստերին, և այդպիսի խնդիրներ մեր բոլոր անդամներից են ծագում, և դա միշտ քննարկվում է»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում սեպտեմբերին կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում մասնավորապես ասել էր. «Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»:
Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանի քննադատությունը հիմնականում վերաբերում էր Ղազախստանին: