ՊԵԿ ուսումնական կենտրոնի դասընթացներին մասնակցել է շուրջ 7500 մասնագետ
ՊԵԿ ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 21-ին դասընթաց է կազմակերպվել Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համար: Շուրջ 2 տարվա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել է գրեթե 300 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 7500 մասնագետ` գործարար դաշտից, հարկային և մաքսային ծառայություններից, ինչպես նաև այլ գերատեսչություններից:
ՊԵԿ-ի առաջնային նպատակներից է համակարգը բաձրակարգ մասնագետներով համալրելն ու աշխատակիցների մասնագիտական որակը կատարելագործելը, ինչի համար կոմիտեն նախաձեռնել է եռաստիճան ուսուցման համակարգ: ՊԵԿ աշխատակիցների շարունակական վերապատրաստման համար կոմիտեի ուսումնական կենտրոնում դասընթացներ են անցկացնում նաև արտերկրից հրավիրված մասնագետները: Արդեն համագործակցության մեծ փորձ կա Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետների հետ: Վերջերս համագործակցություն է հաստատվել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: «Բուհի հետ համատեղ դասախոսություններ, քննարկումներ և սեմինարներ կկազմակերպենք, կիրականացնենք նաև գիտակահետազոտական աշխատանքներ»,-նշում է ՊԵԿ նախագահի խորհրդական Լևոն Բարխուդարյանը: Նա նկատում է, որ ուսումնական կենտրոնի ծրագրերը բազմաթիվ են և հավակնոտ. «Հաջորդ տարվա ավարտին, հուսով եմ, արդեն կգործի Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որը կունենա բոլոր պայմանները` տարածաշրջանային նշանակություն ձեռք բերելու և այլ երկրների ոլորտային մասնագետների համար ևս որպես կրթօջախ ծառայելու համար»:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին