Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը վատթարացել է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, ինչի համար էլ նա կարող է բաց թողնել իր գործով Քութայիսի քաղաքային դատարանում դատալսումը: Այս մասին այսօր հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ Մերաբիշվիլին վատ է զգում իրեն, ինչի համար էլ նպատակահարմար չէ նրան տեղափոխելը: Մերաբիշվիլին պահվում է Թբիլիսիի թիվ 9 պատիժների իրագործման հիմնարկում, և դատալսումներին մասնակցելու համար նրան ամեն անգամ տեղափոխում են Քութայիս:

Փաստաբանը հավելել է, որ այսօրվա դատալսման ժամանակ իրականացվելու է վկաների առաջին խմբի հարցաքննումը: Ընդհանուր առմամբ, տվյալ գործով անցնում է 3969 վկա: Մերաբիշվիլիի և Վրաստանի սոցիալական պաշտպանության ու աշխատանքի նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի գործի դիտարկումը ըստ էության սկսվել է հոկտեմբերի 9-ին:

Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին, ով մինչև վերջերս Կախեթիի նահանգապետն էր, ձերբակալվել են մայիսի 21-ին՝ 2012 թվականի աշխատանքի տեղավորման պետական ծրագրի շրջանակներում «Միասնական ազգային շարժման» կուսակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով:

Մերաբիշվիլիի գործի երկրորդ մասն առնչվում է Աջարիայում՝ Սև ծովի ափին, ընկած ամառանոցը յուրացնելուն և Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները վատնելուն: Ավելի ուշ Մերաբիշվիլիի դեմ ներկայացվեցին նոր մեղադրանքներ: Մասնավորապես, նա մեղադրվեց ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ին ընդդիմության ակցիան ցրելու հետ:

Հունիսի 24-ին էլ նա դարձյալ մեղադրվեց ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ, սակայն այս անգամ դա կապված էր 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս