Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Դե Դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կրկին բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ վերջերս Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հարցը: Հիշեցնենք, որ Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ռուս սահմանապահները հարձակվել էին Զարուհի Փոստանջյանի վրա և կոտրել տեսախցիկը:
Նիկոլ Փաշինյանը նախորդ ԱԺ քառօրյայի ընթացքում էլ Հովիկ Աբրահամյանին հարցրել էր՝ ի՞նչ իրավունք ունեն ռուս սահմանապահները խոչընդոտելու պատգամավորի ազատ տեղաշարժվելու իրավունքը: «Դուք միջադեպի կապակցությամբ այն ժամանակ ասացիք, որ գրություն եք ստացել ու կուսումնասիրեք պատասխանը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել նման բան, այլ ֆորմատով էլ որքան տեղյակ եմ՝ չեք արտահայտել: Ես դիմել եմ ԱԱԾ տնօրենին՝ հասկանալու համար, թե ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ տարածքում իրականացրել գործառույթներ, որոնք հատուկ են միայն իրավապահ մարմիններին, սակայն ԱԱԾ-ն խորհուրդ էր տվել՝ դիմել Ձեզ: Սա կարծես ԱԱԾ աշխատանքի մեջ պրակտիկա է դարձել ու երբեմն տպավորություն է, որ ԱԱԾ-ն իր գործունեության հիմնական մասը նվիրում է կառավարության շենքի մոտ կամ այլ տեղերում ՀՀ քաղաքացիների վրա հարձակվելով կամ վիրավորելով»,- հետարքրքվեց ՀԱԿ պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե բոլորը օրենքի առջև հավասար են, ապա միջադեպին անդրադառնալով ասաց, թե ինքը հանդիպում է ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ ու ընթերցել է իրենց նամակի բովադակությունը: «Եթե կարիք կա, կարող եմ տրամադրել նամակը յուրաքանչյուր պատգամավորին»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ պատասխանել իր հարցին և ասել՝ իրավակա՞ն է արդյոք այդ քայլը, թե՞ ոչ: «Էլի խնդիրը ոչ թե միջադեպի մանրամասների մասին է, այլ զուտ գործողությունների իրավական հիմնավորումների մասին է»: Նաև կեսկատակ նկատեց. «Կարողա՞ էն հայտնի պիսեսի պես է՝ Հայաստանը ինքնիշխանությունը կորցրել է, բայց չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»:
ԱԺ նախագահը չպատասխանեց ՀԱԿ պատգամավորի հարցին, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պատասխան պահանջել: «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում՝ նույն բանը ուզում եք հարյուր անգամ ասե՞մ; Ձեր մասին լավ կարծիք ունեմ, մտածում եմ՝ մի անգամից ընկալում եք: Ես նամակը ընթերցել եմ խմբակցության ղեկավարներին և, իմ կարծիքով, չի խախտվել այն,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը, ապա շարունակեց,- Բավարարված ե՞ք»:
Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան տվեց, ինչին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Դե Դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում»: