Վրաստանի ԿԸՀ-ը հայտնել է ընտրելու իրավունք ունեցողների քանակը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների քանակը կազմում է 3.537.719 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Եկատերինա Ազարաշվիլին:
Այդ թվի մեջ չեն մտնում Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) բնակիչները: ԿԸՀ-ի տվյալներով՝ արտասահմանում գրանցվել է 48.458 մարդ, որոնք կարող են նախագահական ընտրություններին մասնակցել արտասահմանում ստեղծված հատուկ 52 ընտրատեղամասում:
Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները չեն կարող մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, ինչն էլ հանգեցրել է ընտրատեղամասեր չբացելուն:
Վրաստանի ԿԸՀ-ն այսօր ձեռնամուխ է լինում քվեաթերթիկների տպագրմանը: Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 23 մարդ: Հարցումների համաձայն, առաջատարն իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է: Միևնույն ժամանակ որևէ հարցում ցույց չի տվել, որ նա կարող է հավաքել քվեների 50%+1-ը, ինչն անհրաժեշտ է ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար:
Երկրորդ տեղում մեծ տարբերությամբ ընթանում է նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն: 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրելու իրավունք ունեցողների քանակը կազմել է 3.621.256 մարդ: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 61 տոկոս: