Ադրբեջանական հաքերային խումբը կոտրել է ՀՀԿ-ի ու մի շարք անհայտ կայքեր. Փորձագետ
Հոկտեմբերի լույս 19-ի գիշերը ադրբեջանական «Անտի Արմենիա» հաքերական խումբը հարձակում է գործել հայկական մի շարք կայքերի վրա և կոտրել է թվով 57 կայք: Այդ կերպ հաքերային հիշյալ խումբը նշել է իր ստեղծման 2-ամյակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ կոտրված կայքերը հիմնականում անհայտ կայքեր են:
«Կոտրված կայքերի մեծամասնաությունը հանրությանը հայտնի չեն, դրանցից մի քանիսն են միայն ծանոթ, որոնց թվում են՝ hhk.am-ը, megapolis.am-ը և այլն: Կոտրված կայքերից որոշները դեռևս միայն գրանցված հասցեներ ունեն ու կառուցման փուլում են գտնվում (under construction)»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` հաքերները մի դեպքում կոտրված կայքերում գրառում են թողնում այն մասին, որ կոտրել են իրենց ստեղծման 2-ամյակի կապակցությամբ, իսկ որոշ դեպքերում էլ նշում են, թե շնորհավորում են իրենց նախագահի՝ Իլհամ Ալիևի երդմնակալությունը:
«Նման դեպքերում հիմնականում կարևորվում է կոտրված կայքերի քանակը, իսկ թե ինչ կայքեր են դրանք, կարծես երկրորդական է»,- ասաց փորձագետը` նշելով, որ ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր վաղուց չէին կոտրել, իսկ տվյալ դեպքում հաքերները հավաքում են խոցելի տեղ ունեցող կայքեր ու կոնկրետ «առիթով»` կոտրում:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական մի շարք կայքերի մասին ինքը տեղեկանում է, երբ ադրբեջանցիները կոտրում են դրանք: