Հայկ Ալումյան. Քննիչը դատարան ներկայացրել էր 9,5 հատորանոց քրգործի ընդամենը 190 էջը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երկու բողոքները: Բողոքներից մեկը վերաբերում էր հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշմանը, մյուսը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը: 

Հիշեցնենք, որ քննիչն ապացուցված էր համարել, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Հայկ Ալումյանի երրորդ բողոքը կքննվի հոկտեմբերի 21-ին:

168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննության համար քննիչը դատարան ներկայացրել էր ամբողջ քրեական գործից ընդամենը 190 էջ, սակայն ամբողջ քրեական գործը 9.5 հատոր է: Նյութերի քանակն, ըստ փաստաբանի, բավարար չէ բողոքի օբյեկտիվ քննության համար. «Ինչպե՞ս կարելի է մի  քրեական գործի մասին պատկերացում կազմել, եթե ունես 9.5 հատորից  ընդամենը 130 էջը, երբ ամբողջ 9.5 հատորը վերաբերվում է այդ դեպքին»:

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ ըստ օրենքի, նյութերի ի՞նչ քանակ պետք է ներկայացվի դատարան բողոքի քննության համար: «Օրենքն ասում է, որ բողոքին վերաբերվող բոլոր նյութերը պետք է ներկայացվեն. իսկ բողոքը վերաբերվում է դեպքին համապատասխանաբար՝ դեպքի հետ կապված բոլոր նյութերը: Լինում են քրեական գործեր, որով տարբեր դրվագներ են լինում, ասենք՝ տարբեր ժամանակներում կատարված դեպքեր, տարբեր դրվագներ: Այդ դեպքում կարելի է մտածել՝ եթե բողոքարկվում է այդ դրվագը, կարելի է այդ դրվագի վերաբերյալ նյութեր ներկայացնել:

Այս դեպքում ընդամենը մեկ դրվագ է, հունիսի 1-ի դեպքն է, ու այստեղ բնականաբար քրեական գործն ամբողջությամբ վերաբերվում է հենց այդ դեպքին: Համապատասխանաբար պետք է ներկայացվեն ամբողջ նյութերը»,- ի պատասխան ասաց Հ. Ալումյանը:

Նրա խոսքով՝ այս հարցի հետ կապված դատարանի դիրքորոշումն առայժմ սպասողական է. «Ասում է՝ այս 190 էջին ծանոթացի՛ր, հետո, եթե ինչ-որ ավել բան կունենաս՝ կքննարկենք»:

Հայկ Ալումյանն ասաց, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ իր բողոքի քննության ընթացքում ինքը նկատել է, որ դատարանը ձևական ընթացակարգով է քննելու իր բողոքը: Հիշեցնենք, որ բողոքը քննվում էր դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

Փաստաբանից հետաքրքրվեցին՝ դատարանի ո՞ր գործողություններն են իրեն հիմք տալիս նման կարծիք հայտնել: «Տվյալ դատավորը ընդհանրապես հետաքրքրություն չէր դրսևորում գործի նկատմամբ»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը:

Տեսանյութեր

Լրահոս