Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին. Անարժանավայել և վախկոտ խաղ է
ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտադրությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է «վախկոտ քայլ»: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը`Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Անարժանավայել և վախկոտ խաղ է դա, և վստահ եմ, որ դա իրեն հրահանգված է եղել: Եվ նրանք, ովքեր չեն կարող հանդուրժել ազատ խոսքը, քննադատությունը, որը կարող է և անհիմն լինել, բայց կարող է և հիմնավորված լինել, ով չի կարող հանդուրժել այդ խոսքը, «սիրտը գող» հոգեբանությամբ է առաջնորդվում: Եվ հիմա այս դե-ֆակտո իշխանությունը սիրտը գող է, խռովքի մեջ է, որովհետև անհարմար հարց եղավ, բայց իրենց համար խայտառակությունը ոչ թե հարցն էր, այլ պատասխանը: Անհարմարը և խայտառակը այն իրականությունն է, որի մեջ Հայաստանը գտնվում է այս իշխանությունների, իրենց գողացած ընտրությունների, քաղաքական բանտարկյալների եւ մնացած հայտնի իրականության բերմամբ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս նամակի առնչությամբ նա ասել է. «Դա իր ստեղծագործությունն է, դա ստեղծագործական թռիչք է, և երկու հոգու հրապարակային երկխոսություն: Ինչպես շատերն էին ասում, դուք համաձայն էիք Զարուհի Փոստանջյանի հարցի հետ, եթե դա է հարցը, ապա իհարկե մի գուցե նպատակը այլ լիներ, բայց այնտեղ բարձրացված մտքերի հետ համաձայն չեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: