Ստեփան Սաֆարյանը` Զորի Բալայանի նամակի մասին. «Դա համաձայնեցված էր»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, այսօրվա ասուլիսում մեկնաբանելով հրապարակախոս Զորի Բալայանի նամակը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիք հայտնեց` «ինչ ցանել ենք` այն էլ հնձում ենք»:

Սաֆարյանը կեսկատակ նշեց, թե կյանքում չի պատկերացրել, որ իրական կյանքում կտեսնի այն, ինչ ժամանակին կարդացել է Հայոց պատմության էջերում:

«Մտքովս չէր անցնի, որ «նամակ Ռուսաց թագավորին» գրվածքը կարդալուց հետո իմ կյանքում ականատես կդառնամ դրա շատ տխուր բեմականացմանը, որն առայժմ ողբերգական ժանրում է ներկայացվում»,- ասաց նա:

«Ես ցնցված եմ, որ հայ մտավորականի կամ իրեն մտավորական կոչող մարդու ձեռքը կարող է գնալ գրելու նման բաներ: 10 էջ` հիշեցնելով «Ռուսական կայսրության փառավոր անցյալը» և փափագելով նույնքան փառավոր ապագա հայկական իրավունքների և նվաճված տարածքների հաշվին: Ճիշտն ասած` ուրախ եմ այն քննադատության համար, որ նա լսեց, ոչ թե ասում եմ, թե լավ եմ զգացել իր հասցեին հնչած վիրավորանքներից, վիրավորանքների մասին չէ խոսքը, բայց ուրախ եմ, որ հասարակության մեջ կա մի լուրջ շերտ` անգամ չափազանց երիտասարդ, որը պարզապես չի կարող ընդունել նման պահվածքը»,- նշեց Ստեփան Սաֆարանը, ում կարծիքով Հայաստանի հասարակությունը վերագտնում է «ամոթի ինստիտուտը»:

Ստեփան Սաֆարյանը վստահաբար համոզմունք հայտնեց, որ այդ նամակը համաձայնեցվել է Հայաստանի իշխանությունների հետ:

«Անգամ ես` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, չափազանց լուրջ եմ գնահատում այն զգայությունները, որն այս իրավիճակում ունի Հայաստանը: Շատ վճռորոշ իրավիճակ է… Այնպիսի մի հարմարվող տեսակ, ինչպիսին Զորի Բալայանն է, ինչպե՞ս կարող է ինքնագլուխ բաներ անել և ազգի անունից նամակներ ուղարկել: Մենք չափազանց լարված վիճակ ենք ունենալու` անկախ նրանից, թե դրա որ շերտերն ենք տեսնում և որոնք չենք տեսնում: Եվ դա պայմանավորված է կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովով և Ասոցացման համաձայնագրով: Պիտի հասկանանք, որ շատ կոշտ պայքար է գնում Ռուսաստանի և Եվրամիության ու Արևմուտքի միջև` հետխորհրդային տարածքի տրանսֆորմացիայի համար: Այս կապակցությամբ` պարզ է, որ ո´չ Ռուսաստանն է պատրաստվում զիջել, ո´չ էլ Եվրամիությունը:

Որքան էլ Եվրամիությունը դժգոհ է և զայրացած է Հայաստանի պահվածքից, այնուամենայնիվ, որևէ թթու խոսք չասացին մի պատճառով, որովհետև չեն ուզում երկիրը կորցնել… Եթե մի երկու խոսք ասեն Սերժ Սարգսյանին, նա կարդարացնի իր որոշումը և կասի` էս չէ՞ր Եվրոպան, մենք գնացինք դեպի Հյուսիս:

Այս իրավիճակում, երբ պալատական մտավորականը նման բովանդակությամբ նամակ է գրում, ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է պատահականության արդյունք, իհարկե ո´չ: Դա համաձայնեցված էր, պետք էր, որպեսզի ինչ-որ մեկի շուրթերով հնչեն «ուռա»-ներ` Ռուսական կայսրության հանդեպ, և դա հնչեցվեց Զորի Բալայանի շուրթերով»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս