Բաժիններ՝

Ստեփան Սաֆարյանը` տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման մասին. «Վախենամ`մինչև տարեվերջ թանկացնեն»

Տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ գործընթացները շարունակվում են, և դրանք աչքաթող անելու դեպքում հերթական անգամ հայտնաբերելու ենք, որ Երևանի քաղաքապետը նոր որոշում է կայացրել, որովհետև արդեն իսկ ձևավորվել է հանձնաժողով, «որը կոչված է օրինականացնելու այդ ապօրինությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը;

«Սրա նկատմամբ չի կարելի անտարբեր լինել, այլապես մենք կանգնելու ենք հուլիսի 20-ի կրկնության առաջ, երբ արթնանում ենք, և մեզ ասում են` դուք այլևս պետք է վճարեք 150 դրամ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նա շատ վատ նախանշան է համարում այն, որ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ հետ է վերադարձրել «Երևան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) և տրոլեյբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա և 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով» «Բարև, Երևան» խմբակցության` հոկտեմբերի 11-ին ներկայացրած բողոքը:

«Խնդիրն այն չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հայցադիմումը, խնդիրն այն է, որ ՀՀ դատարանին ինչ-որ մի տեղից ասվել է` գործ չընդունել, բողոք չընդունել… Պատահական չէ, որ այս ամենը ես անվանել եմ «տրանսպորտային հանցագործություն»»,- նշեց նա:

«Բարև, Երևանի» ներկայացուցիչն անհեթեթ համարեց մերժման վերաբերյալ Վարչական դատարանի հիմնավորումը, ըստ որի` դատարան հայցադիմում կարող է ներկայացնել միայն քաղաքացին: Սակայն Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ «Բարև, Երևանն» ինքը ներկայացուցչական ժողովրդավարության կանոններով ընտրված խմբակցություն է և քաղաքացիների տված քվեի շնորհիվ որոշակիորեն ներկայացնում է քաղաքացու շահերը.

Կարդացեք նաև

««Դու իրավունք չունես մտնել մատի և մատանու արանքը», սա է դատավորի ասածը: Ապշելու բան է, որ ՀՀ դատավորը կարող է մի կողմ թողնել այն փաստը, որը խմբակցությունն իրավունք ունի դիմել դատարան, որ ավագանին ներկայացնում է երևանցու շահը, և դա ամեն տեղ գրելու բան չէ, դա ուղղակի իմանալ է պետք»: Ըստ Ստեփան Սաֆարյանի` իշխանությունների նպատակն այն է, որ թույլ չտրվի, որպեսզի ինչ-որ մեկը ներկայացնի հավաքական շահ:

«Ժառանգության» անդամը հայտարարեց, որ այս «հանցագործության» մասնակիցներն են Երևանի քաղաքապետը և նրա աշխատակազմը, տրանսպորտի վարչության պետը, մրցույթային հանձնաժողովը և մի շարք ուղևորափոխադրող կազմակերպություններ:

Մեր հարցին, թե ինչո՞ւ «Բարև, Երևանը» չի մասնակցում տրանսպորտի սակագնի հարցի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ միանգամայն արդարացված է համարում իրենց չմասնակցությունը, որովհետև, ըստ նրա, այդ հանձնաժողովներն ընդամենը Տարոն Մարգարյանի որոշումները լրամշակելու համար են: «Մենք ասացինք` մենք չենք կարող լրամշակել մի բան, որն ապօրինի է: Սա է պատճառը, որ մենք չմասնակցեցինք, դրան էլ գումարվեց այն, որ հանձնաժողովն առայժմ սեղանին է դնում միայն հանրությանը ցնցող եզրակացություններ` սակագնի և այլնի հետ կապված: Պրոֆեսիոնալ մարդիկ` Բաբկեն Պիպոյանը, արդեն իր առարկություններն է ներկայացրել այդ հանձնաժողովի հաշվարկների հետ կապված: Այդ հանձնաժողովում տրանսպորտի ոլորտից քաջատեղյակ մարդ չեմ ճանաչում»,- ասաց Սաֆարյանը: Նա չհիմնավորված է համարում վերոնշյալ հանձնաժողովի ներկայացրած այն հաշվարկները, որոնց համաձայն` տրանսպորտի նոր սակագինը կարող է կազմել 150 դրամ:

«Երևի պետք է ասուլիսին ինձ հետ բերեի տնտեսվարողներից ստացված բոլոր հայտերը, հայտերից որևէ մեկում չեք տեսնի հիմնավորում, թե ինչու պետք է լինի 150 դրամ, 39 հայտ, և չկա որևէ հիմնավորում… Այնտեղ գրված է, որ եթե 150 դրամով էլ աշխատեն, վնասով են աշխատելու: Այդ դեպքում, քաղաքապետարան, ինչո՞ւ ես 150 դրամ սարքում… Այդ 39 ուղևորափոխադրողներն էլ, անկեղծ ասած, աչքիս լույսը չեն… Ըստ իս`39 երթուղիների սպասարկողներն ընդհանրապես պետք է զրկվեն իրավունքից, լիցենզիայից, որովևետև եկել են հակամրցակցային համաձայնության, խախտել են օրենքներ, մասնակցել են այս տրանսպորտային հանցագործությանը: Եթե իրենց կոտրած ձեռքով գրել են, որ չեն կարողանում սպասարկել 100 դրամով, ուրեմն, առավել ևս, քաղաքապետարանը պիտի նրանց ասի` «Давай, досвидания»»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նա կարծում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պայքարը շատ ավելի բարդ է լինելու, քանի որ վերոնշյալ հանձնաժողովի միջոցով փորձում են գայթակղություններ ստեղծել, շահագրգռել այն խավերին, որոնք կարող են դուրս գալ փողոց պայքարելու:

Մենք հետաքրքրվեցինք, թե, ըստ Ստեփան Սաֆարյանի կանխատեսումների, մոտավորապես ե՞րբ կարող է բարձրանալ տրանսպորտի ուղեվարձի գինը, ինչին նա պատասխանեց. «Վախենամ` մինչև տարեվերջ թանկացնեն: Սա մի որոշում է, որը կայացրել են բոլորով և բոլորով էլ փորձում են իրականացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս