
Շարմազանովը՝ Փոստանջյանի մասին. Ձեր նշած պերսոնան, նրա իրականացրած քայլերը չպետք է այդքան մեր ուշադրությունը գրավեն

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի կարծիքով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «վախենալու կամ անհանգստանալու» առիթ չունի խորհրդարանի շենք մուտք գործելու դեպքում: 168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ԱԺ պատգամավորները «բավականին բարեկիրթ» են և կարիք չկա «խտացնել գույներն» ու հարցն այդ տեսանկյունից ներկայացնել:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԺ շենքում էլ Հանրապետական պատամավորները պատրաստվում է ձվերով կամ լոլիկներով դիմավորել Զ. Փոստանջյանին, որ վերջինս էլ ստիպված խնդրում է ԱԺ նախագահին ապահովել իր անվտանգություն ԱԺ տարածքում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ձեր նշած պերսոնան, նրա իրականացրած քայլերը չպետք է այդքան մեր ուշադրությունը գրավեն: Երկրում ավելի կարևոր խնդիրներ կան: Ինձ համար ժամանակը բավական թանկ է, որպեսզի պատասխանեմ նման ոչ կարևոր հարցերին: Եկեք կենտրոնանանք ավելի առանցքային, ավելի կարևոր խնդիրների վրա»:
Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտությունները այնուամենայնիվ մտահոգիչ պետք է լինեն Փոստանջյանի համար, նա այսպես արձագանքեց. «Այս հարցը այն հարցը չէ, որ ԱԺ փոխնախագահը և դուք նստենք ու նման անլուրջ հարցի շուրջ ժամերով խոսենք, փորձենք պատասխանել այդ հարցին»: