Հովհաննես Սահակյան. Թող Զարուհի Փոստանջյանը դիմի մեկ այլ մարմին, որ իր տան մեջ ապահովեն իր անվտանգությունը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի իր անվտանգությունը ապահովելու և բացառելու իր նկատմամբ հնարավոր ոտնձգությունը ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից, Առաքել Մովսիսյանից, Մհեր Սեդրակյանից ու Կարեն Ավագյանից:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հիշյալ պատգամավորները ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած իր հարցից հետո սպառնալից հայտարարություններ են հնչեցրել իր հասցեին:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե իշխող մեծամասնության պատգամավորներն ինչ-որ քայլե՞ր են նախապատրաստում Զ. Փոստանջյանի դեմ, որ վերջինս անհանգստացած է իր անվտանգությամբ:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Չեմ կարծում, որ Ազգային ժողովում Զ. Փոստանջյանի նկատմամբ որևէ վտանգ է սպառնում պատգամավորների կողմից: Դա Փոստանջյանի հերթական PR ակցիան է, որովհետև նա լավ գիտի, որ պառլամենտում ներկա պատգամավորները հատկապես ընդդիմադիր թևի նկատմամբ չափի զգացում ունեն: Ընդդիմությունը, գիտեք, որ երբեմն քննադատությունը տեղափոխում է վիրավորանքի դաշտ, բայց մեծամասնությունը շարունակում է հանդուրժող մնալ»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հույս հայտնելով, որ մի օր ընդդիմությունն «աշխատանքը քննադատելը կզատի անձնական քննադատություններից»:
«Թող Զարուհի Փոստանջյանը դիմի մեկ այլ մարմին, որ իր տան մեջ ապահովեն իր անվտանգությունը, որովհետև չեմ կարծում, որ երկրում այլ տեղ, բացի իր տանից, իրեն վտանգ սպառնա»,- նշեց նա:
Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ականների կողմից Փոստանջյանի հասցեին հնչած հայհոյանքներն ու վիրավորական արտահայտություններն են առիթ դարձել, որ Զ. Փոստանջյանը խորհրդարանում պաշտպանվելու կարիք զգա, Սահակյանը պատասխանեց. «Առնվազն մինչև այս պահը իմ գործընկերները որևէ նման հիմք, առիթ չեն տվել: Զ. Փոստանջյանին պաշտպանելու առիթ մենք կարծում ենք չկա»:
Հետաքրքրվեցինք` գուցե Հանրապետական պատգամավորները պատրաստվո՞ւմ են ձվեր և պոմիդորնե՞ր նետել Զ. Փոստանջյանի ուղղությամբ, որ վերջինս էլ անվտանգության ապահովում է պահանջում խորհրդարանի շենքի ներսում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ոչ, մենք ոչինչ էլ չենք նախաձեռում: Ինձ համար ավելի վիրավորական ու վատ դրսևորում կլինի նրա հասցեին մեկ-երկու գրագետ խոսք ուղղել, քան ձվեր, պոմիդորներ նետել խորհդարանի ներսում, հայհոյել…»: