
Անավարտ շինությունները ավարտին կհասցվեն՝ քաղաքացիներին սոցիալական բնակարանով ապահովելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և նախատեսված ծախսային ծրագրերի իրագործման, լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման, ժամկետների սղության պատճառով առանց ֆինանսական ապահովման մշակված (-վող) նախագծանախահաշվային փաստաթղթերի, 2012-2013 թթ. մատուցված ծառայությունների ներկայումս ֆինանսավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 61 մլն դրամ: Հարցի քննարկման համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին: «Իմաստն այն է, որ մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, – հավելել է վարչապետը: – Եվ շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել:
Նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, և մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետևանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել»: