Ինչո՞ւ էր ամբաստանյալը հանել շորերը և չէր ցանկացել մասնակցել դատական նիստին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ «բանդայի» գործով դատական նիստը: Նիստին գործով 5 ամբաստանյալներից դատարան էր ներկայացվել միայն Քյարամ Ամոյանը: Դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ գրություն է ստացվել ՔԿՀ-ից, որով դատարանին տեղեկացրել են. ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն առողջության վատթարացում է ունեցել, ենթարկվել է բուժզննության:
Նշանակվել է դեղորայքային բուժում և երկօրյա անկողնային ռեժիմ: Մխիթար Պապոյանն ասաց, որ իրեն հեռախոսազանգով ՔԿՀ-ից և ուղեկցող վաշտից տեղեկացրել են, որ ամբաստանյալ Սամվել Դավթյանը չի ցանկանում ներկայանալ դատական նիստին. «Շորերն իր վրայից հանել է և հայտնում է, որ` ես չեմ ներկայանալու դատական նիստին: Այդ պատճառով նրա ներկայությունը չեն կարողացել ապահովել»: Դատավորն ասաց նաև, որ իր թույլտվությամբ Դավիթ Գալստյանն ու Արթուր Մանուկյանը դատարան չեն ներկայացվել: Մխիթար Պապոյանի խոսքով՝ ՔԿՀ-ից իրեն խոստացել են հեռախոսազանգով հայտնած տեղեկությունների վերաբերյալ համապատասխան արձանագրություն ներկայացնել: Արձանագրությունը ստանալուց հետո դատարանը կգնահատի նրա բացակայությունը:
Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ նախորդ օրը ինքնազգացողության վատացումից հետո նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ. «Բացարձակապես ոչ մի տեսակի բուժօգնություն չի ցուցաբերվել, նրա վիճակը վատ էր»: Պաշտպանի կարծիքով՝ Սամվել Դավթյանի այս գործողությունները կապված են հենց դրա հետ: Կարեն Հակոբյանը նիստի ավարտից հետո պատասխանեց «168 Ժամի» հարցերին:
– Պարո՛ն Հակոբյան, ասացիք, որ ամբաստանյալին ոչ մի տեսակի բուժօգնություն ցույց չի տրվել: Սամվել Դավթյանը առողջության հետ կապված ի՞նչ խնդիրներ է ունեցել:
– Նախկինում տառապել է թոքախտով, այս խոշտանգումների հետ կապված` ունի նաև առողջության բարդացումներ: Ինչ է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, որ խոշտանգումներ են, բուժմասերը, ինչպես հասկանում ենք, հրահանգված են, ինչպես նախկինում նաև Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում է եղել, մարդկանց բուժօգնություն ցույց չտալ: Մարդն իրականում թոքախտ է, չեն ցանկանում ստուգել այդ հարցը: Ես արդեն ահազանգել եմ բանտային դիտորդական խումբ, որ հենց հիմա թող մարդիկ գնան, տեղում պարզեն` ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ ընդամենը կարծիք եմ հայտնում: Այսօր էլ ես եմ գնալու միջնորդեմ, որ տանեն բուժման: Եթե չեն տանում, դիմելու ենք բոլոր ատյաններին, այդ թվում` նաև Եվրոպական դատարան:
– Այսինքն՝ կարծում եք` հատուկ հրահա՞նգ կա ամբաստանյալին բուժօգնություն ցույց չտալու:
– Ես կարծում եմ, որ ընդհանուր գաղութների վարչության կողմից հրահանգ կա: Դա իմ անձնական կարծիքն է, որ դա կատարվում է հատուկ ցուցումով` այս գործի հետ կապված, որովհետև ուրիշ պատճառ ես չեմ տեսնում: Եթե այս դեպքում էլ նորից միջոցներ չձեռնարկեն, ընդհուպ կարող է նորից հաղորդում տամ Հատուկ քննչական ծառայություն:
– Ձեր կարծիքով՝ բուժօգնություն չստանա՞լն է պատճառը, որ ամբաստանյալը չի ցանկացել դատարան ներկայանալ:
– Եթե նա երկուշաբթի օրը տաքության մեջ եկել, նստել էր դատական նիստին, նախորդ օրն էլ այդ նույն վիճակով եկել էր, կեսից վատացավ, նա խուսափելու նպատակ չունի: Ինքը ցանկանում է, որ դատաքննությունը հնարավորինս արագ կատարվի: Ձգելու իմաստ չկա: Այդ պայմաններում ուրիշ պատճառ ես չեմ տեսնում: Մարդը զուտ կարող էր այդ գործողությունը կատարել, չենթարկվել՝ իր բողոքն արտահայտելու համար, որգ ես ինչո՞վ եմ տարբերվում մյուս կալանավորից, իմ արյունը սև՞ է, որ ինձ բուժօգնություն ցույց չեք տալիս:
– Ինչպե՞ս է այժմ ամբաստանյալի առողջական վիճակը:
– Գիտեմ հարազատների ասելով: Երեկ գնացել են, շատ վատ է վիճակը: Եթե այս վիճակով շարունակվի, նորից բուժօգնություն ցույց չտրվի, կարող է` լինի հերթական զոհը: (Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի հրապարակվել.- Օ.Հ.) Դեղորայքը հարազատներն են տարել-հասցրել: Եթե այս գործելաոճը շարունակվի, հերթով բոլորը մահանալու են: Վերջում էլ մարդ չի լինելու, որին դատեն, ասեն` դու բանդիտ ես եղել:
Ասվածի հետ կապված` փորձեցինք բացատրություններ ստանալ նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: «Բժիշկը գնացել, իրեն ստուգել է: Ինքն առողջական խնդիրներից չի բողոքել ի սկզբանե: Ինքն առայժմ առողջական խնդիրներ չունի, իր մոտ պարզապես մի փոքր գրիպոզ վիճակ է, որևէ լուրջ բան չկա: Ինքը չի բողոքել, և ինքն այս պահին առողջական խնդիրներ չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Սամվել Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 8 հոդվածներով: Նա մեղադրվում է բանդային անդամագրվելու, բանդայի կազմում 2011-ի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազարյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու համար, որի ընթացքում նաև առանց հափշտակելու նպատակի` ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին, ապա մասնակցել է 2011-ի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստվածությանը: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալն առանց իրացնելու նպատակի` ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր քանակի թմրամիջոց:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:
«168 ԺԱՄ»