
Վրեժ Մարկոսյան. Ես դեմ չեմ, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի կարծիքով` ամենևին «վատ չի լինի», որ ԼՂՀ-ն դառնա Ռուսաստանի Դաշնության մաս: 168.am-ի հետ զրույցում Վրեժ Մարկոսյանը` անդրադառնալով գնահատականներին, թե հրապարակախոս Զորի Բալայանն իր նամակով առաջարկում է վերականգնել Գյուլիստանի պայմանագիրն ու Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում, ասաց.
«Ինքս նամակը չեմ կարդացել, բայց եթե նման բան լինի` վատ չէ: Ես դեմ չեմ, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին»: Մեր դիտարկմանը, թե իզուր էր պայքարը ԼՂՀ ինքնորոշման համար, նա այսպես արձագանքեց. «Դե հա… բայց ի՞նչ վատ կլինի, որ միանա, եթե մենք չենք կարողանում… Ռուսաստանի կազմում շահեկան դուրս կգանք: Ղարաբաղը միանալով՝ կշահի անվտանգություն, առաջին հերթին անվտանգություն: Եթե տեսնում ենք վերջը չկա, ավելի լավ չի՞ գոնե անվտանգությամբ ապահովենք ղարաբաղցիներին, Արցախին»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՀՀ իշխանությունների հանձնարարությամբ է Զ. Բալայանը նման նամակ ուղղել Վլադիմիր Պուտինին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե Զ. Բալայանը դեռևս խորհրդային տարիներից «Ռուսաստանի գրող է եղել` ռուսական մտածողությամբ» և, ըստ այդմ՝ չի կարող իշխանության «կողմը բռնել», և դժվար թե «Բաղրամյան 26-ի տեսակետը հայտներ»: Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյոք Հանրապետական կուսակցության մեծամասնությունը կողմ կլինի՞, թե՞ դեմ` ԼՂՀ-ն տեսնել ՌԴ կազմում: