Բաժիններ՝

Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ 140 քաղբանտարկյալ. իրավապաշտպաններ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել համաներման մասին, որի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել 153 մարդ:

Երկրի իրավապաշտպանները կարծում են, որ համաներումը չի լուծել երկրի քաղբանտարկյալների խնդիրը: Նրանց կարծիքով՝ համաներումն առնչվել է միայն երկու քաղբանտարկյալի՝ Ֆարհադ ու Ռաֆիգ Ալիևներ եղբայրներին:

Մարդու իրավունքների ակումբը (ղեկավար՝ Ռասուլ Ջաֆարով), Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը (տնօրեն՝ Լեյլա Յունուս) և Իրավական հետազոտություններով միջազգային կազմակերպությունը (ղեկավար՝ փաստաբան Ջավանշիր Սուլեյմանով) կազմել են երկրի քաղբանտարկյալների ցանկը, որում ընդգրկվել է 142 մարդ:

Նշվում է, որ այդ ցանկը կազմվել է հոկտեմբերի սկզբին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ: Այժմ նրանցից 2-ն ազատ են արձակվել, սակայն ազատազրկման մեջ է մնացյալ 140-ը, որոնց թվում կան 10 լրագրողներ ու բլոգերներ, 11 երիտասարդ ակտիվիստներ, որոնցից 7-ը՝ NIDA-ի ակտիվիստներ են:

7 ակտիվիստ ներկայացնում է քաղաքական կուսակցություններ ու շարժումներ: Ամենամեծ խումբը ներկայացնում են հավատացյալները (իսլամականները)՝ 64 մարդ: 18 մարդ դատապարտված է ցմահ ազատազրկման, որոնք մեղադրվել են պետական հեղաշրջման և քաղաքական այլ հանցագործությունների մեջ:

Եվս 20 մարդ վերագրված է «Այլք» կատեգորիային: Հենց այս խումբն են ներկայացրել Ալիև եղբայրները, որոնց ազատ արձակվելուց հետո խմբում մնացել է 18 մարդ: Ցուցակում կան նաև այնպիսի անձինք, որոնց նկատմամբ դեռ չեն կայացվել դատավճիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս