Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ Վրաստանը կարող է վերջին հաշվով հրաժարվել Սոչիի օլիմպիական խաղերից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում չի բացառել, որ Վրաստանը կարող է վերջին հաշվով հրաժարվել մասնակցել 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերին.

«Եկեք սպասենք, և եթե կարիք լինի, մենք կհրաժարվենք նաև Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցելուց: Երկիրը պետք է դադարի ազդակներով ապրելուց, ինչին ժողովրդին սովորեցրել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց մեզ:

Սոչիի օլիմպիական խաղերի հետ կապված՝ կառավարությունը հայտարարություն է տարածել, որն արտացոլում է նաև իմ դիրքորոշումը տվյալ հարցում: Վստահ եմ, որ կառավարությունը թույլ չի տա երկրին գործել որևէ ամոթալի քայլ, իսկ մարդկանց որոշակի խմբերի բողոքները նախաձեռնում է Սաակաշվիլիի թիմը:

Մենք դեռ ժամանակ ունենք: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կհրաժարվենք նաև օլիմպիական խաղերից: Հրաժարվելը մշտապես հեշտ է: Հրաժարվենք և ի՞նչ, հետո ի՞նչ է լինելու: Հրաժարվենք, որ ի՞նչ՝ աշխարհին վախեցնելո՞ւ համար: Իսկ եթե մնանք միայնակ, ձեր դուրը կգա՞ դա»:

Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելուն նվիրված մեկ շաբաթ առաջ Վրաստանում կազմակերպված օնլայն-հանրագրին արդեն իսկ մասնակցել է 10.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս