Վոլոդյա Ավետիսյանի գործով քննությունը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: Այս դատական նիստի ընթացքում դատարանը որոշել է, որ բողոքի քննությանը բացատրություններ տալու համար պետք է մասնակցի նաև քննիչը. «Քննիչն այստեղ չէր: Այդ հիմքով հետաձգվեց: Ես դատարանի այդ որոշումը գտնում եմ օրենքին հակասող, կամայական, որովհետև դեռևս նախորդ նիստի ժամանակ առաջին ատյանի դատարանը որոշեց, որ քննիչի բացակայությամբ գործը կարող է շարունակվել, իսկ այսօր այդ որոշումը վերանայեց: Որոշման վերանայման պատճառը, իմ կարծիքով, ուղղակի ավելորդ ձգձգումն է: Հաշվի առնելով կալանքի հետ կապված հարցի հրատապությունը՝ դատարանը պարտավոր էր այս պայամաններում, իմ խորին համոզմամբ, այսօր ըստ էության որոշում կայացնել»,- ասաց նա:
Պաշտպանի բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 17:00-ին: Փաստաբանի խոսքով՝ մինչ այժմ գործով տուժողը չի առերեսվել Վոլոդյա Ավետիսյանի հետ. «Եթե նախաքննական մարմինն իրականում ցանկություն ունենար առերեսում կատարել, ապա դա շատ վաղուց կատարված կլիներ»:
Պաշտպանը մտահոգություն հայտնեց նաև այն հարցի շուրջ, որ գործը քննում է Պաշտպանության նախարարության քննչական մարմինը: «Ես նաև խնդիր եմ տեսնում այն հարցով, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը քննելու իրավասություն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը չունի: Եվ այս պարագայում նա շուտվանից պետք է Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ գործից մաս անջատեր և քննության ուղարկեր համապատասխան մարմին: Իսկ այս ընթացքում, ինչ Վոլոդյա Ավետսյանն ազատությունից զրկված է, նրա մասնակցությամբ ոչ մի քննչական կամ դատավարական գործողություններ չեն կատարվել, ոչ մի փաստաթղթի չեն բերել, ծանոթացրել և անհասկանալի է, թե այս պարագայում, եթե Վոլոդյայի հետ անելիքներ չունեն, ինչն էր անհրաժեշտությունը, որպեսզի վերջինիս զրկեն ազատությունից»,- ասաց փաստաբանը: Նրա կարծիքով՝ եթե վերաքննիչ դատարանն իրոք դատարանի դերում լինի, պետք է որոշում կայացնի Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Միաժամանակ, Արա Զաքարյանն ասաց, որ պաշտպանական կողմը չի առարկում, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ գտնվի համաներման ակտով նախատեսված հիմքերով. «Ինքը ևս համաձայն է, որ այդ հանգամանքը հաշվի առնելու պայմաններում ազատ արձակվի, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Վոլոդյա Ավետիսյանը ընդունում է իր մեղքը: Վոլոդյա Ավետիսյանը առաջդարված մեղդրանքը համարում է շինծու»:
Ի դեպ, երբ դատարանից տեղափոխում էին Վոլոդյա Ավետիսյանին, նրա կողմնակիցները նրան ճանապարհում էին «Վոլոդյա» բացականչություններով:
Մանրամասները՝ շուտով: