
«Գազպրոմը» խողովակաշար չի կառուցի դեպի Ճապոնիա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» խողովակաշար չի կառուցի դեպի Ճապոնիա: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
Նա ընդգծել է, որ կասեցված է անգամ նախագծի հետազոտումը, նշվել է, որ խողովակաշարը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի ու ձկնորսության համար:
Միևնույն ժամանակ «Գազպրոմը» նախկինի նման դիտարկում է ԿԺԴՀ-ի տարածքով դեպի Հարավային Կորեա գազատար անցկացնելու հնարավորությունը:
Մեդվեդևը հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար անհրաժեշտ է շարունակել Կորեայի հյուսիսի հետ կապված քաղաքական խնդիրների լուծման վերաբերյալ բանակցությունները: Այս գաղափարն առաջին անգամ հնչեցվել է 2011 թվականին՝ տվյալ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Իսկ ահա Սախալին կղզուց դեպի ճապոնական Հոկայդո կղզի գազատար կառուցելու նախաձեռնողը ճապոնական կողմն է, սակայն այն աջակցություն չստացավ «Գազպրոմի» կողմից: