![](/banners/BeFunky-design.jpg)
Շուշանյան. Դատական ակտը մեզ չի գոհացնում, այն բողոքարկելու ենք
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/tigran-araqelyan.jpg)
ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Մուշեղ Շուշանյանը, խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճռի մասին, ասաց, որ դեռևս չեն ստացել որոշման պատճեն և ծանոթ չէ պատճառաբանական մասին: Հիշեցնենք, որ քիչ առաջ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն արդարացվեց իրեն առաջադրված ամենածանր մեղադրանքով՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Անկեղծ ասեմ՝ ինձ համար դա անսպասելի էր: Դա ոստիկանին քթի կոտրվածք պատճառելու համար առաջադրված մեղադրանքն էր, առողջության համար վտանգ ներկայացնող վնասվածք հասցնելու մեղադրանքն էր: Մնացած մասերով, ըստ էության, բողոքարկված դատական ակտը կարելի է ասել, որ թողնվեց անփոփոխ: Ընդամենը կալանքի տակ գտնվելու մասով պատժի ժամկետները կրճատվեցին: Բնականաբար, դատական ակտը մեզ չի գոհացնում, և մենք այն բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Նա նշեց, թե չի ցանկանում կանխատեսել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն իր խոսքով՝ իրենց համար այն մեծամասամբ կանխատեսելի է: «Մեծ հավանականությամբ Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացված ակտը թողնվելու է անփոփոխ, որից հետո մենք արդեն կքննարկենք Եվրոպական դատարանի դիմելու հարցը»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: